Հանրագիտարան

Բլյուզ

Բլյուզը (անգլերեն`   Blues) ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն է, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը:

Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա`   դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են`   ջազն ու ռոք-ն-ռոլը:

Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում:
Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է:
Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին: Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը: Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն:
Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson): 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ վերջերին- 1930-ական թթ սկզբներին ձայնագրել է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում: Այլ հայտնի կատարողներն են`   Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: