Հանրագիտարան

Հայոց պատմություն

Պատմաբանները Հայոց պատմության փուլերը բաժանում են մի քանի դարաշրջանի: Այդ բաժանումն կոչվում է պարբերացում:

Ներկայումս պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

  • Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը:
  • Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակվելը Հայաստանում, այսինքն`   մինչև IV դարի սկիզբը:
  • Հայոց միջնադարի շրջան - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև XVII դարի կեսերը կամ հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը: Այն իր հերթին բաժանվում է վաղ, զարգացած և ուշ միջնադարի ժամանակաշրջանների:
  • Նոր շրջան - սկսվում է XVII դարի հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը:
  • Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ (Խորհրդային Հայաստանի) և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը`   հասնելով մինչև մեր օրերը:
Հայ ժողովուրդն ապրել է հզորության ժամանակներ, ենթարկվել այլևայլ փորձությունների և`   տոկալով դարերի արհավիրքներին, հասել է XXI դար`   մեծ զոհողությունների գնով վերականգնելով իր անկախությունը`   ի դեմս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Սակայն նրա հարևանությամբ ապրող շատ ժողովուրդներ, որոնք անգամ կայսրություններ են հիմնել, չեն դիմացել պատմության փորձություններին և ընդմիշտ անհետացել են պատմության թատերաբեմից: Այնքան ամրակուռ էր կերտվել հայ ժողովուրդը, այնքան հարուստ էր նրա մշակույթը և այնքան հզոր էր նրա ազգային գիտակցությունը, որ նա համառ պայքարի շնորհիվ ոչ միայն գոյատևեց, այլև, վերականգնելով իր քաղաքական անկախությունը, իր արժանավոր տեղն զբաղեցրեց աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ ազատագրական պայքարը եղել է Հայոց պատմության մշտական ուղեկիցը`   անկախությունը կորցրած ժամանակաշրջաններում, իսկ հայոց հոգևոր և նյութական մշակույթը լեցուն է ազատագրական պայքարն արտացոլող գործերով: Տակավին վերջերս հայ ժողովրդի հերոսական պայքարի և նրա զավակների արյան գնով ազատություն ձեռք բերեց արցախահայությունը, որը մեր ժողովրդի դարավոր մաքառումների ու պայքարի մերօրյա դրսևորումն էր: Անմահ է այն ժողովուրդը, որի զավակները հանուն իրենց Հայրենիքի ազատության պատրաստ են արյուն թափել և իրենց կյանքը զոհաբերել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: