Հանրագիտարան

Լեզուն և սեպագրությունը (Վանի թագավորություն)։

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի քան 800 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։

Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։ Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Վանյան սեպագիրը փոխ է առնված ասսուրականից։ Սեպագիրն այբուբենային գրից տարբերվում է նրանով, որ այնտեղ մի քանի տասնյակ տառերի փոխարեն (օրինակ՝ ա, դ, ժ, թ) հանդիպում են վանկեր նշանակող հարյուրավոր սեպախմբեր՝ բա, բի, բու, ագ, իգ, ուգ և այլն։ Սեպախմբերը կարող են և բառեր նշանակել՝ տուն, ձի, ուտել, գնալ և այլն։ Հարկ է խոստովանել, որ մենք այսօր էլ օգտվում ենք այդպիսի նշաններից. օրինակ՝ գրում ենք 2 և կարդում ենք երկու, թեև այնտեղ գրված չէ ե-ր-կ-ու։ Սակայն սեպագրերում այդպիսի նշանները բազմաթիվ են։ Վանյան արձանագրություններն իրենց բովանդակությամբ նվաճումների կամ ռազմական հաջող արշավանքների նկարագրություններ են կամ էլ շինարարական ու կրոնական բնույթի գրություններ։ 
 
Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։ Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: