Հանրագիտարան

Գիտությունը Հին Արևելքում

Հին Առաջավոր Ասիայի երկրներում գիտական իմացությունը սկիզբ առավ և զարգացավ մարդկանց առօրյա աշխատանքային գործունեության պահանջներին համապատասխան:

Գիտական իմացության առաջացման նախադրյալները

Մարդկանց անհրաժեշտ էր հաշվել հողատարածքի մակերեսը, ստացված նյութական բարիքները և այլն: Մետաղներ ձուլելիս, տարբեր համաձուլվածքներ ստանալիս հարկ էր իմանալ դրանց քիմիական հատկությունները: Աստղերի ու մոլորակների դիրքն ու շարժումն իմանալն անհրաժեշտ էր օրացույց կազմելիս:
 
Մարդիկ գիտակցում էին, որ հիվանդությունները հնարավոր չէ բուժել միայն գուշակների և հեքիմների օգնությամբ: Անհրաժեշտ էր մարդու մարմնի կառուցվածքի իմացություն: Գիր ստեղծելիս անհրաժեշտ էր իմանալ այս կամ այն լեզվի հնչյունական կառուցվածքը: Գրերի շնորհիվ սերունդների կուտակված փորձն ամփոփվում և պահպանվում էր: Այսպես աստիճանաբար առաջացան գիտության տարբեր բնագավառներին վերաբերող գիտելիքներ: Գիտությունը հին ժամանակներում ուներ գործնական նշանակություն: Գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը: Հատկապես մեծ զարգացում ապրեցին բնական գիտությունները: Բնագիտական գիտելիքները մարդկանց անհրաժեշտ էին ամենօրյա կյանքում: Մարդիկ իրենց իմացությունը փոխանցում էին օժտված երեխաներին: Վերջիններս դպրոցներում ուսանում էին ժամանակի բոլոր հայտնի գիտելիքները:
 
Մաթեմատիկա
 
Եգիպտոս. ստեղծեցին հաշվելու տասնորդական համակարգը (10, 100, 1000 և այլն), կարողանում էին հաշվել եռանկյան, ուղղանկյան և շրջանի մակերեսը, գիտեին կոտորակը:
Հնդկաստան. հայտնագործեցին զրո թիվը և դրա նշանակությունը մաթեմատիկական հաշվարկներում: Ստեղծեցին այն թվանշանները, որոնք այսօր հայտնի են որպես արաբական թվեր: Դրանցից օգտվում ենք նաև մենք:
 
Քիմիա
 
Եգիպտոս. փարավոնների և ազնվականների մարմինը մումիավորելու ընթացքում ստանում էին այնպի սի քիմիական խառնուրդներ, որոնք պահպանում էին մարմինը քայքայումից: 
Չինաստան. ստացան վառոդը, որի շնորհիվ հետագայում ստեղծվեց հրանոթը:
 
Աստղագիտություն
 
Եգիպտոս. ստեղծեցին 12 ամիսներից և 365 օրից կազմված արևային օրացույց: Ամիսը բաղկացած էր 30 օրից, իսկ տարվա վերջին ամսին գումարում էին ևս 5 օր: Մոլորակները տարբերում էին աստղերից: Կազմեցին աստղային երկնքի քարտեզ:
Միջագետք. ստեղծեցին լուսնային օրացույց՝ կազմված 354 օրից: Կարողանում էին հաշվարկել երկնային լուսատուների շարժումները, Արեգակի և Լուսնի խավարումների ժամանակը:
Հնդկաստան. գիտեին, որ Երկիրը կլոր է և պտտվում է իր առանցքի շուրջը, իսկ Լուսինն իր լույսը ստանում է Արեգակից: Օրացույցը բաղկացած էր 12 ամիսներից, յուրաքանչ յուրը՝ 30 օր տևողությամբ:
 
Բժշկություն
 
Եգիպտոս. գիտեին մարդու ներքին օրգանների ճշգրիտ կառուցվածքը և դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը մարդու կյանքի համար: Հիվանդին զննելիս առաջին հերթին ստուգում էին նրա զարկերա կը: Կատարում էին ներքին օրգանների վիրահատություններ: Կարողանում էին փչացած ատամի փոխարեն նորը տեղադրել: Գոյություն ունեին հիվանդանոցներ, որոնք կոչվում էին «կյանքի տուն»: Այդտեղ աշխատում էին արհեստավարժ բժիշկներ:
Հնդկաստան. կար արհեստավարժ բժիշկների խավ, որոնք հիվանդությունները բուժում էին խոտաբույսերի, քսուքների միջոցով և այլ եղանակներով: Նրանք կարողանում էին բուժել աչքի, սրտի, ստամոքսի, թոքերի և մաշկի հիվանդություններ:
Չինաստան. պարզեցին թեյի բուժիչ հատկությունները, և այն օգտագործում էին ամենատարբեր հիվանդություններ բուժելու նպատակով:
 
Գիտության այլ բնագավառներ
 
Հնդկաստան. ստեղծվեց հին հնդկերենի՝ սանսկրիտի քերականությունը:
Չինաստան. ստեղծեցին կողմնացույցը, թուղթը, մետաքսը, հրանոթը:
 
Հնագույն գիտնականները չկարողացան հաղթահարել կրոնական նախապաշարումները: Նրանց կարծիքով՝ Երկիրը և նրա վրա գտնվող ամեն ինչ ստեղծված էր աստվածների կողմից: Օրինակ՝ երկնային լուսատուների շարժումները կառավարում էին աստվածները: Կամ՝ որքան էլ բժիշկը ձգտի բուժել հիվանդին, ոչինչ չի ստացվի, եթե աստված չկամենա: Ստեղծված գիտական արժեքները դրեցին գիտության հետագա զարգացման հիմքերը: Այդ արժեքների մեծ մասն այսօր շարունակում է գոյատևել:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: