Հանրագիտարան

Գյուղատնտեսություն և արհեստներ (Վանի թագավորություն)։

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։

Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։  Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: