Հանրագիտարան

Սարդուրի Բ։ Վանի թագավորության և Ասորեստանի միջև հակամարտության ուժեղացումը

Վանի թագավորությունը շարունակեց ռազմական և տնտեսական վերելք ապրել Արգիշտի Ա-ի որդի Սարդուրի Բ-ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.)։

Ինչպես իր նախնիները, Սարդուրի Բ-ն էլ սկզբում ուշադրություն դարձրեց իր տերության հյուսիսային երկրամասերի վերջնական հնազանդեցմանը, ինչպես նաև նոր երկրների նվաճմանը։ Արշավանք ձեռնարկվեց անհնազանդ Շիրակի դեմ, Սևանա լճի արևմտյան ափին նվաճվեցին Վելիքուխի (Գեղարքունիք) և նրան հարևան երկրները՝ պետության սահմանը հասցնելով մինչև Արցախ։ Հյուսիսում նա գրավեց Կողքիս (Կոլխիդա) երկիրը, Ջավախքի տարածքը և Աղստևի ավազանը։ Սարդուրի Բ-ն ոչ միայն Կարողացավ վերստին հնազանդեցնել Մելիդի թագավորությունը և այն ծանր հարկի տակ դնել, այլև՝ Եփրատի հոսանքով շարժվելով հարավ, իր իշխանության տակ առավ Սիրիայի նշանակալից մասում։  աստատվելով Բաբելոնի հարակից շրջաններում (Բաբիլու երկիր)`   նա ձգտում էր աքցանի մեջ առնել Ասորեստանը և՛ արևմուտքից, և՛ արևելքից։ Չնայած սկզբնական հաջողություններին՝ թագավորը, ցավոք, բախվեց վերստին ուժեղացած և վերելքի ուղին բռնած Ասորեստանի դիմադրությանը։

Սարդուրի Բ-ի պայքարը Ասորեստանի դեմ, որ ռազմավարական լուրջ պլաններ էր շոշափում, դժբախտաբար, ավարտվեց անհաջողությամբ։ Ասորեստանյան գահ բարձրացած Թիգլաթ-Պալասար Գ-ն, որ կարողացել էր վերստին ամրապնդել Ասորեստանի բանակը, Ք.ա. 743 թ. պարտության մատնեց Եփրատի հոսանքով հարավ շարժվող Սարդուրիի զորքերին։ Ավելին, Ք.ա. 735 թ. ասորեստանյան բանակը մոտեցավ մայրաքաղաք Տուշպային և պաշարեց այն։ Ճիշտ է, քաղաքի միջնաբերդը թշնամուն գրավել չհաջողվեց, սակայն Տուշպան ավերվեց, և թշնամին ավարով ու գերիներով հեռացավ։
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: