Հանրագիտարան

Գիրը և արվեստը Հին Արևելքում

Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր:

Ինչու էր անհրաժեշտ գիրը

Հնադարյան մարդը մտապահում էր այն, ինչ անհրաժեշտ էր իրեն առօրյա կյանքում: Սակայն վիճակը սկսեց փոխվել, երբ առաջացավ պետությունը: Անհրաժեշտ էր հաշվառել ստացված բերքը, պալատների և տաճարների պահեստներում կուտակվող մթերքի և այլ իրերի քանակը, հարկերը և այլն: Այս ամենը հնարավոր չէր հիշել:  Պետությունների ձևավորումով տարբեր երկրներում ստեղծվեցին գրային համակարգեր: Հին Արևելքի շատ ժողովուրդներ ունեին իրենց գիրը: Դրանք միմյանցից տարբերվում էին ոչ միայն արտաքին տեսքով, այլև նշանների իմաստներով:
 
Եգիպտական գաղափարագիրը
 
Հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսում տաճարների պատերին տեսել էր բնության տարբեր երևույթներ և առարկաներ պատկերող գրային նշաններ: Քանի որ այդ գրից օգտվում էին տաճարների քրմերը, նա այն անվանեց հիերոգլիֆ, այսինքն՝ «սրբազան գիր»: Եգիպտական գիրը ստեղծվեց Ք.ա. IV հազարամյակի վերջին: Այն բաղկացած էր ավելի քան 700 նշանից: Սկզբում յուրաքանչյուր նշան նշանակում էր որևէ բառ կամ նույնիսկ նախադասություն: Հետագայում նշանները սկսեցին արդեն արտահայտել վանկեր:
 
Միջագետքյան սեպագիրը
 
Ք.ա. IV հազարամյակի վերջին շումերները ստեղծեցին գաղափարագիրը: Այն իր տեսքով և բովանդակությամբ նման էր եգիպտական հիերոգլիֆներին: Կավի կամ քարի վրա դժվար էր կլորավուն նշաններ նկարելը: Ուստի ժամանակի ընթացքում գաղափարագիրը պարզեցվեց: Նշանները աստիճանաբար կորցրին իրենց սկզբնական տես շքը: Դրանք սկսեցին նման վելսեպերից բաղկացած նշանախմբերի: Այդ գիրը գիտնականներն անվանել են սեպագիր: Սեպագիրն ուներ մոտ 600 նշան: Դրանք արտահայտում էին մեկ կամ ավելի բառեր և վանկեր: Սեպագիրը փոխ առան շատ ժողովուրդներ՝ հարմարեցնելով իրենց լեզուներին: Ք.ա. III հազարամյակում Շումերում և Աքքադում մեծ ուշադրություն էին դարձնում երեխաների կրթությանը: Տաճարներին կից գործում էին դպրոցներ, որտեղ երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, երգել, նվագել: Շրջանավարտը պարտավոր էր տիրապետել այն ժամանակներում հայտնի բոլոր բնական գիտություններին, իմանալ այս կամ այն աշխատանքային գործունեության նրբությունները և կազմակերպել այն: Կարևոր էր անգիր իմանալ բոլոր կրոնական ծեսերը, ինչպես նաև կարողանալ կազմակերպել դրանց անցկացումը:
 
Գրականություն
 
Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ: 
 
Ճարտարապետություն և քանդակագործություն
 
Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: