Հանրագիտարան

Տասներկու սուրբ մարգարեների հիշատակության օր

Փետրվարի 4-ին Հայ առաքելական եղեղեցին նշում է տասներկու սուրբ մարգարեների`   Ովսեի, Ամովսի, Միքիայի, Հովելի, Աբդիուի, Նավումի, Ամբակումի, Հովնանի, Սոփոնիայի, Անգեի, Զաքարիայի և Մաղաքիայի հիշատակության օրը:
Նրանց անվանում են նաև փոքր մարգարեներ՝ ի տարբերություն Եսայի, Երեմիայի, Եզեկիելի և Դանիելի: Մարգարեներն այն անձինք էին, որոնց միջոցով Աստված խոսում էր և ժողովրդին հայտնում իր կամքը: Նրանք Աստծո խոսնակներն էին երկրի վրա, որոնք խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների համար`   ետ պահելով նրանց մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից:
 
Մարգարեները հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այսպես է ասում Աստված» և այլն:
 
Մարգարեները հաճախ ապացուցելու համար Աստծուց ընտրված լինելու իսկությունը Բարձյալի զորությամբ հրաշքներ էին գործում: Ամեն անգամ, երբ արտասանում ենք Հավատո հանգանակը Սբ. Հոգու մասին ասում ենք՝ «Ով խոսեց Օրենքի, Մարգարեների և Ավետարանի միջոցով...»՝ մեկ անգամ ևս փաստելով, որ Աստված խոսել է մեզ հետ նաև մարգարեների միջոցով:
 
Մարգարեներն իրենց հայտնություններն ստանում էին տեսիլքների, առակների, խորհրդանշանների ձևով: Նրանք կապող օղակն էին Աստված-մարդ հարաբերության մեջ: Սբ. մարգարեների նպատակն էր բյուրեղացնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցումը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան և Նրա արքայության նկատմամբ հավատը:
 
Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացան Նոր Ուխտում Հիսուս Քրիստոսով: Տարբեր ժամանակներում են ապրել ու գործել 12 մարգարեները: Ովսեն Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո 750 թ-ին Ն. Ք.: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը՝ 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանն էլ ավելի էր հզորանում:
 
Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում է Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատասխանատվության մասին: Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին: Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրինություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից:
 
Ամովսն ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ`   բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է Ը դարի երկրորդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես՝ պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները:
 
Միքիան Մորեստ գյուղից էր, որին շատերը նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Ապրել է Ն. Ք. Ը դարում: Նա բոլորին նախազգուշացնում է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող անարդարության`   կոչ անելով ժողովրդին ապաշխարություն ու հնազանդություն Աստծո կամքին: 
 
Հովելի ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է: Խոսում է «Տիրոջ օրվա» մասին`   հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված: Ասել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղելու մարդկանց վրա: Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սբ. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա:
 
Աբդիուն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովուրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը: Եսավի հետնորդները, հասկացնելով իսրայելացիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, հավատում էին, որ Նա գալու է դատելու բոլոր ժողովուրդներին:
 
Հովնան: Այս գրքում պատմվում է մի մարգարեի ձախորդությունների մասին, ով ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն: Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին: Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմությունը:
 
Նավում: Նավում բառը թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող: Գիրքը գրված է 663 թվականին՝ Ն. Ք. ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612թ. Ն. Ք բաբելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակաշրջանում:
 
Ամբակում: Այս մարգարեի մասին մեզ ստույգ տեղեկություններ չեն հասել: Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում: Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը: Գիրքը գրվել է հավանաբար Է դարի վերջերին և Զ դարի սկզբին Ն.Ք.:
 
Սոփոնիա: Այս մարգարեն քարոզել է Է դարի վերջին Ն. Ք.՝ նախորդելով Ամբակումի մարգարեությանը: Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը:
 
Անգե: Գրքում հիշատակվում է Անգե մարգարեի անունը, որը քարոզում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման: Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է: Փոքր ճառերը գրված են մոտ 520 թվականին Ն.Ք.:
 
Զաքարիա: Ժամանակակիցն է Անգե մարգարեի: Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը պարունակում է 520-518թթ. վերաբերող մարգարեություներ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ: 
 
Մաղաքիա: Գիրքը գրվել է Ե դարի առաջին կեսին Ն.Ք.: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հորդորում է ժողովրդին և քահանաներին փոխելու իրենց վարքը: Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: