Հանրագիտարան

Սբ. Մակաբայեցիների հիշատակության օր

Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ`   հավատարիմ մնալով Աստծո օրենքին և ուխտին:
Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական անունը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:
 
Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր`     քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը`      գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից:
 
Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին`   հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր: Նույն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մոր ու նրա յոթ զավակների նահատակությունը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր յոթ որդիները հավատարիմ են մնում իրենց հայրերի հավատին`     արժանանալով կենաց անթառամ պսակին:
 
Աղբյուրը`     Qahana.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: