Հանրագիտարան

Աքեմենյան Իրանը

Ք.ա. III հազարամյակում Իրանական սարահարթի հարավում ապրում էին էլամցիները: Նրանք ստեղծեցին Էլամ պետությունը՝ Շոշ մայրաքաղաքով:

Էլամցիներն Առաջավոր Ասիայի զարգացած ժողովուրդներից էին: Մոտավորապես Ք.ա. 3000 թ. նրանք ունեին պատկերային գիր: Ք.ա. II հազարամյակում Հայկական լեռնաշխարհից Իրան ներթափանցեցին արիական ցեղերը: Նրանց տոհմային ավագանին կոչվում էր արյա (ազնվազարմ ), որտեղից էլ առաջացել է այս ցեղերի անունը՝ արիացիներ: 

Մարաստանը և Կյուրոս Մեծը 
 
Իրանի հյուսիսում էին ապրում իրանական ծագման մարական ցեղերը: Էլամցիներից հետո առաջինը մարերն էին, ովքեր Ք.ա. VIII դարում Իրանում ստեղծեցին միասնական պետություն: Նինվե ի գրավումից հետո Մարաստանը նվաճեց շատ տարածքներ՝ հասնելով մինչև Փոքր Ասիայի արևմուտք: Էլամից արևելք ապրում էին պարսկական ցեղերը: Նրանք Մարաստանի տիրապետության տակ էին: Պարսիկների առաջնորդ Կյուրոսը ապստամբեց մարերի դեմ և Ք.ա. 550 թ. գրավեց նրանց երկիրը: Կյուրոսն իր առջև նպատակ էր դրել նվաճելու Առաջավոր Ասիան: Նա նվաճեց Առաջավոր Ասիայի երկու խոշոր պետությունները՝ Բաբելոնը և Լիդիայի թագավորությունը: Իսկ Կյուրոսի որդի Կամբյուսեսը նվաճեց նաև Եգիպտոսը: Սակայն նրա մահից հետո երկրում սկսվեցին ապստամբություններ և պայքար գահի
համար: Պայքարում հաղթեց աքեմենյան տոհմից Դարեհը:
 
Դարեհ I (Ք.ա. 522–486 թթ.)
 
Նոր էր Դարեհ I–ը արքա հռչակվել, երբ նրա դեմ ապստամբեցին նվաճված երկրները՝ Բաբելոնը, Մարաստանը, Էլամը, Հայաստանը և մյուսները: Երկու տարի տևեց այդ երկրների վերանվաճումը: Այնուհետև Դարեհը հեռավոր արշավանք սկսեց դեպի արևմուտք: Այստեղ նա գրավեց Փոքր Ասիա թերակղզին: Դրանից հետո արշավեց սկյութների երկիր և Հունաստան: Դարեհի արշավանքների արդյունքում ստեղծվեց նախադեպը չունեցող մի մեծ պետություն: Այն տարածվում էր Միջին Ասիայից և Հնդկաստանից մինչև Էգեյան ծով և Եգիպտոս: Դարեհը մի շարք բարեփոխումներ կատարեց: Նա իր տերու թյունը բաժանեց մարզե րի՝ սատրապությունների: Դրանցում նա կառավարիչներ նշանակեց իր ազգականներին և մերձավորներին, որոշ երկրներում՝ նաև տեղական արքայատոհմերի ներկայացուցիչների: Բոլոր մարզերի
համար սահմանվեցին հարկեր:
 
Աքեմենյան համաշխարհային տերությունը
 
Աքեմենյան պետությունը համաշխարհային տերություն էր: Այն ներառել էր ամբողջ Առաջավոր Ասիան: Ժամանակի ընթացքում այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների մոտ սկսեցին ձևավորվել ընդհանրություններ կյանքի բոլոր բնագավառներում: Ընդլայնվեցին տարբեր ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերը: Միևնույն աստվածներին երկրպագում էին տերության տարբեր շրջաններում: Իր լայնածավալ տերության հեռավոր շրջանների միջև հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով Դարեհը կառուցեց շուրջ 2500 կմ երկարությամբ նշանավոր «Արքայական ճանապարհը»: Այն ձգվում էր Իրանից մինչև Էգեյան ծովափ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: