Հանրագիտարան

Հնդկաստան և Չինաստան

Արդեն Ք.ա. III հազարամյակում Հնդկաստանում գոյություն ունեին Մոհենջոդարոյի և Խարապպայի զարգացած երկրագործական կենտրոնները: Իսկ Չինաստանում առաջին պետությունները կազմավորվել են դեռևս Ք.ա. III հազարամյակում:

Արիացիները

Ք.ա. II հազարամյակում Հնդկաստան ներխուժեցին ռազմատենչ արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ նվաճեցին տեղի ժողովուրդներին և ստեղծեցին իրենց իշխանությունները: Արիացիները քանակապես զիջում էին տեղացիներին, սակայն ավելի կազմակերպված էին ու մարտունակ: Տեղի մեծաքանակ բնակչության նկատմամբ իշխանությունը պահպանելու համար արիացիներն ապրում էին մեկուսի: Հին հնդիկների կարծիքով մարդիկ առաջացել էին աստծո ստեղծած առաջին մարդու՝ Պուրուշիի մարմնի որևէ մասից: Ըստ այդ պատկերացման՝ մարդիկ բաժանվում էին վարնաների՝ հասարակական խմբերի: Սրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի զբաղմունք, իրավունքներ և պարտականություններ: Քրմերին աստված ստեղծել էր իր շուրթերից, ուստի քուրմը կարող էր խոսել աստծու անունից: Ռազմիկները ստեղծվել էին աստծու ձեռքերից: Գլխավոր ռազմիկն արքան էր: Արտադրողները՝ երկրագործները, արհեստավորներն ու առևտրականները, ստեղծվել էին աստծու ազդրերից: Ստրուկները ստեղծվել էին աստծու՝ ցեխից աղտոտված ոտքերից: Սրանք հողազուրկ աղքատներն ու ստրուկներն էին: Ուստի համարվում էին պիղծ և նրանց հետ շփվողը դատապարտվում էր: 
 
Աշոկա 
 
Երբ Ալեքսանդր Մակեդոնացու զորքը Հնդկաստանից վերադարձավ, հնդիկներն ապստամբեցին և ստեղծեցին մի շարք պետություններ: Դրանցից ամենահզորը Մաուրյան պետությունն էր: Ք.ա. III դարում Աշոկա արքայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին: Արքան նվաճեց Հնդկական թերակղզու մեծ մասը: Նա հայտնի է որպես շինարար արքա: Ամենուրեք կառուցում էր պարսպապատ քաղաքներ, ճանապարհներ, ջրանցքներ: Հասարակ մարդկանց համար նա բացեց հիվանդանոցներ: Աշոկան մեծապես աջակցում էր բուդդայական կրոնի տարածմանը:
 
Ցին կայսրությունը
 
Դրանցից հազար տարի անց Չինաստանի հյուսիսում ստեղծվեց Չժոու խոշոր պետությունը, որը գոյատևեց գրեթե 700 տարի: Սակայն մինչև Ք.ա. III դարը Չինաստանում որևէ մեկին չհաջողվեց միավորել երկիրը: Կային բազմաթիվ ինքնուրույն պետություններ, որոնք մշտապես պատերազմում էին միմյանց դեմ: Առաջինը Ցին Շի Հուանդին էր(Ք.ա. 246–210 թթ.), ով միավորեց ողջ Չինաստանը: Կայսրը վերացրեց ազնվականների ժառանգական տիտղոսները և արտոնությունները: Այդուհետև պետական բարձր պաշտոններ ստանում էին միայն նրանք, ովքեր ունեին արժանիքներ և ծառայում էին կայսրին: Երկիրը բա ժան վեց մար զե րի: Սահմանվեցին կայուն հարկեր: Մտցվեցին միասնական դրամ, չափի ու կշռի միավորներ: Երկրի հյուսիսում քոչվոր ցեղերի հարձակումներին դիմակայելու նպատակով սկսվեց Չինական մեծ պարսպի շինարարությունը: Չինաստանը մետաքսի հայրենիքն է: Ու Դի կայսրը (Ք.ա. 140–87 թթ.), նվաճելով Չինաստանից արևմուտք ընկած շրջանները, առևտրական ճանապարհ գցեց դեպի Իրան: Այն ձգվում էր Չինաստանից մինչև Սև ծով՝ մոտ 7000 կմ երկարությամբ, և կոչվեց «Մետաքսի ճանապարհ»: Դրա մի հատվածն անցնում էր Հայաստանով:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: