Հանրագիտարան

Նոր քարի դարը (նեոլիթը) Հայկական լեռնաշխարհում

Այն թվագրվում է Ք. ա. X հազարամյակից մինչև VII հազարամյակը։ Այս դարաշրջանում մարդը քարի մշակման տեխնիկան առավել կատարելագործում է, գործիքները կարողանում է հղկել, փայլեցնել, ծակել։

Հայտնագործվեց քարե կացինը, որով հեշտանում էր ծառեր կտրելը, փայտ մշակելը, սայլերի ու փոխադրամիջոցների կատարելագործումը։ Ծառերի հաստ բնից փորում էին փոքր նավակներ, պատրաստում թիեր, տնային անհրաժեշտ իրեր, հացահատիկի մշակման համար անհրաժեշտ փայտե գործիքներ և առարկաներ։

Ի հայտ են գալիս մշտական կացարաննրը,ծնունդ են առնում ընդարձակ և բազմամարդ բնակավայրեր։ Մարդը հայտնագործում է կավից ամաններ պատրաստելու տեխնիկան։ Կավե ամանները կրակի վրա թրծելուց հետո կարելի էր դրանք երկար ժամանակ օգտագործել։ Մարդը կարող էր արդեն կերակուրը եփել, որը դառնում էր հեշտ մարսելի։ Բացի այդ կարելի էր կենդանիների կաթը հավաքել, վերամշակել և դրանով հարստացնել սննդի պաշարը։ Փաստորեն, մարդը նոր քարի դարում ոչ միայն օգտագործում էր բնության պատրաստի բարիքները, այլև նպաստում էր դրանց բազմացմանը՝ բրիչային հողագործությամբ և անասնապահությամբ։
 
Բերրի հողերը և արոտավայրերը նպաստեցին մարդկային տոհմերի զանգվածային անցմանը նստակեցության։ Իսկ այն տոհմերն ու ցեղերը, որոնք զբաղվում էին որսորդությամբ, համատեղում էին իրենց սեզոնային զբաղմունքը և հաճախ տեղափոխվում էին տեղից տեղ՝ հիմնելով նոր բնակատեղիներ։
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: