Հանրագիտարան

Հին քարի դարը (պալեոլիթը) Հայկական լեռնաշխարհում

Մարդկային հասարակության ամենավաղ շրջանը անվանում են հին քարի դար, քանի որ աշխատանքային գործիքների հիմնական մասը պատրաստում էին քարից՝ վանակատ (օբսիդիան), կայծքար և այլն։

Անկասկած գործիքների մի մասը պատրաստել են նաև փայտից և ոսկրից։ Բայց դրանք ժամանակի ընթացքում ոչնչացել են ու մեզ չեն հասել։ Քարի դարը տևել է 100 հազարավոր տարիներ։ Այն բաժանվում է երեք շրջանի՝ Հին քարի դար (պալեոլիթ), Միջին քարի դար (մեզոլիթ), Նոր քարի դար (նեոլիթ)։

Հին քարի դարն ավարտվել է մեզանից 14.000 տարի առաջ։ Հայաստանի տարածքում նշանավոր են Արագածի լանջին գտնվող Արտին լեռան (Թալինի տարածաշրջան), Արզնիի (Կոտայքի մարզ), Արցախի հնավայրերը։ Այստեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ աշխատանքային քարե գործիքներ։ Դրանք ունեն 800-900 հազար տարվա հնություն։ Հին քարի դարի ժամանակ երկրագնդի կլիման հաճախակի ցրտում էր և այդ պատճառով նախամարդիկ հիմնականում բնակվում էին բնական քարայրներում։ Նրանք ապրում էին համեմատաբար փոքր խմբերով՝ մարդկային հոտերով։ Նախամարդիկ միասին աշխատելով և ապրելով՝ ապահովում էին իրենց սնունդը և պաշտպանվում վայրի գազաններից։ Համատեղ աշխատանքը հեշտացնում էր նաև սննդի ձեռք բերումը։ Մարդկային այդ հոտերը՝ խմբերը, հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ, մանր կենդանիների, թռչունների և սողունների որսով։
 
Հին քարի դարի մարդը՝ հմտանալով որսորդության մեջ, սկսեց որսալ նաև խոշոր կենդանիներ՝ մամոնտ, եղջերու, ցուլ, վայրի ձի։ Գետերի և լճերի ափերին մարդիկ զբաղվում էին ձկնորսությամբ։ Նախամարդու հիմնական աշխատանքային գործիքը կոպիտ քարե ձեռքի հատիչն էր և սրածայր փայտը՝ հողից ուտելի արմատներ հանելու համար։ Ժամանակի ընթացքում, թեև դանդաղ, սկսեցին պատրաստել բազմատեսակ գործիքներ և զենքեր։ Դրանցով հնարավոր էր քերել, կտրել, տաշել, ծակել և այլ գործողություններ կատարել։
 
Շուրջ 40 հազար տարի առաջ նախամարդն իր արտաքինով նմանվեց ժամանակակից մարդուն՝ մեզ։ Նա ուներ արդեն զարգացած ուղեղ և ձեռք էր բերել խոսելու կարողություն։ Նրան գիտնականները անվանում են բանական մարդ։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: