Հանրագիտարան

Պատմական Հայաստանը վարչաքաղաքական բաժանումներում

Միասնական Հայաստանի թագավորությունը, որ տարածվում էր Կուրի և Երասխի ջրկիցից մինչև Կեսարիա կամ Մաժակ քաղաքը, Ք.ա. IV դարում բաժանվեց երկու քաղաքական միավորի՝ Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների։

Ք.ա. III դ. կեսերին Մեծ Հայքի թագավորությունից առանձնացավ Ծոփք-Կոմագենեի թագավորությունը, որը շատ չանցած, իր հերթին բաժանվեց Ծոփքի և Կոմագենեի թագավորությունների։ Արտաշես Ա-ի (Ք.ա.189-160 թթ.) օրոք մարերից Փայտակարան-Կասպքի ու հարևան երկրամասերի գրավումով և Տիգրան Բ Մեծի կողմից Ծոփքի վերամիավորումով (Ք.ա.94) վերջնականապես ձևավորվեց Մեծ Հայքի տարածքը։ Վերջինս, հույն աշխարհագրագետ Պտղոմեոսի նկարագրության համաձայն, բաժանված էր 20/21, իսկ ըստ «Աշխարհացոյց»-ի՝ 15 աշխարհների կամ նահանգների։ Դրանք էին Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ աշխարհները: Յուրաքանչյուր աշխարհ բաժանվում էր գավառների, որոնց ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 200: Մեծ Հայքի թագավորությունն lV դարում ուներ շուրջ 300 հազար քառ. կմ տարածք: Եփրատ գետից արևմուտք տարածվում էր Փոքր Հայքի թագավորությունը, որի տարածքը, ամենաընդարձակ ժամանակաշրջանում կազմել է 80 հազար քառ. կմ։

Հայկական լեռնաշխարհը կապող օղակ էր Արևելքի և Արևմուտքի միջև։ Նրա վրայով անցնում էին Առաջավոր Ասիայի առևտրական և ռազմական մայրուղիներից երկուսը, որոնց խաչմերուկում ընկած էր Մեծ Հայքի թագավորության Արտաշատ մայրաքաղաքը։ Հայաստանը կապող օղակ էր նաև Միջերկրածովյան ավազանի, Միջագետքի և Կովկասյան երկրների միջև։ Հայաստանի Հանրապետությունը ներառում է պատմական Հայաստանի տարածքի ընդամենը 1/13-րդ մասը՝ 29,8 հազար քառ. կմ։ Հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ներառում է շուրջ 12,5 հազար քառ. կմ տարածք։ Հայաստանի Հանրապետությունը կազմված է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք և Ուտիք աշխարհների տարածքի մի մասից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ են մտնում Արցախը գրեթե ամբողջությամբ, Սյունիքի նշանակալից մասը և Ուտիքի որոշ հատվածներ։

Աղբյուր`   Lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: