Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական ոռոգման շնորհիվ աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։

Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։

Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ նշանավոր են եղել Շիրակը, Բագրևանդը, Տարոնը, Սևանի ավազանը, Երզնկայի և Խարբերդի դաշտերը։ Հայաստանը եղել է վայրի ցորենի նախահայրենիքներից մեկը:

Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով նրա եզրային և տեղ-տեղ կենտրոնական շրջանները։ Ծառատեսակներից առավել տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին, սոճին և այլն։ Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Աղձնիքի, Կորճայքի անտառներում ամենուրեք հանդիպում են վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հայաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ չոր կլիմայի պատճառով գործնականում բացակայում են անտառները,տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը ներկայումս վերածված է պետական արգելոցի։

Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, նապաստակը, կինճը (վայրի խոզ), վիթը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը և այլն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը, կաքավը, բադը, սագը, լորը և այլն։ Մարդու գործունեության հետևանքով բավականին կրճատվել է կենդանական աշխարհը։ Սեպագիր աղբյուրների համաձայն՝ հեռավոր ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացոյց»-ում։

Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Արարատյան դաշտում բազմացող մի տեսակի որդից պատրաստում էին որդան կարմիր կոչվող ընտիր ներկ, որն արտահանվում էր տարբեր երկրներ։

Աղբյուր`   www.lib.armedu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: