Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհի գետերն ու լճերը

Հայկական լեռնաշխարհն՝ իր լեռնային բարձր դիրքի շնորհիվ, Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխն է: Այստեղից են սկիզբ առնում Եփրատ, Տիգրիս, Երասխ, Կուր, Ճորոխ, Հալիս, Գայլ և մի շարք այլ գետեր, որոնք թափվում են Պարսից ծոց և Կասպից, Սև ու Միջերկրական ծովեր։

Մեր հայրենիքի մայր գետը Երասխն է, որն սկիզբ է առնում Սերմանց կամ Բյուրակն լեռներից։ Այնուհետև՝ ընդունելով Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ և մի շարք այլ վտակներ, այն միանում է Կուրին և թափվում Կասպից ծով։ Հնում Երասխը մի մեծ բազուկով անմիջապես թափվել է Կասպից ծով։ Երասխի և նրա վտակների ջրերով ոռոգվում է Արարատյան դաշտը:

Երասխը Հայկական լեռնաշխարհի միակ խոշոր գետն է, որն ամբողջությամբ հոսում է մեր հայրենիքով։ Երասխի կամ Արաքսի մասին նույնպես հյուսվել են այլևայլ ավանդություններ, իսկ ժողովուրդն այն կոչել է պարզապես Մայր Արաքս։
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր երեք խոշոր և բազմաթիվ միջին ու փոքր մեծության լճերով։ Դեպի ծով ելք չունեցող Հայաստանում խոշոր լճերը սովորաբար կոչվել են ծով կամ ծովակ։ Խոշորներից Սևանա լիճը, որ հնում հայտնի էր Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անունով, ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այն աշխարհի բարձրադիր լճերից է, ունի քաղցրահամ ջուր։ Այս ձկնառատ (իշխան, գեղարքունի և այլն) լիճն են թափվում 29 գետեր ու գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը։ Լճում եղել է մեկ կղզի, որը Սևան-Հրազդան կասկադի կառուցման և լճի հայելու կրճատման հետևանքով վերածվել է թերակղզու։
 
Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից է Վանա լիճը կամ Բզնունյաց ծովը, որն ավելի քան երկուսուկես անգամ մեծ է Սևանա լճից։ Չնայած լճի աղիությանը, նրանում բազմանում է տառեխ ձուկը, որ հնում աղ դրած վիճակում արտահանվում էր հարևան երկրներ։ Վանա լճում դեռ հին ժամանակներից զարգացած է եղել նավագնացությունը,
իսկ նրա ափերին գտնվել են մի շարք նավահանգիստներ։ Լիճն ունեցել է 7 կղզի, սակայն նրա ջրերի բարձրանալու հետևանքով երեքն անցել են ջրի տակ։ Վանա լճի ամենամեծ կղզին Աղթամարն է: Կղզու անունը նշանակում է Աղի ծով։
նկ. Վանա լիճը: Առաջին պլանում Աղթամար կղզին Սբ Խաչ եկեղեցիով Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում գտնվում է մեր հայրենիքի ամենամեծ լիճը, որ հնում կոչվել է Կապուտան, իսկ ներկայումս Ուրմիո։ Լճի ջրերը խիստ աղի են, որի պատճառով լիճը զուրկ է կենդանական և մասամբ բուսական աշխարհից։ Հայկական լեռնաշխարհի միջին և փոքր մեծության լճերից հիշարժան են Հյուսիսային ծովակը կամ Չըլդըրը, Գայլատու ծովակը, Արճիշակը կամ Արճակը և Թորթումի լիճն իր նշանավոր ջրվեժով։
Հայկական լեռնաշխարհը հաճախակի կրկնվող երկրաշարժերի գոտի է։ 1988 թ. տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայկական լեռնաշխարհն այսօր հանգած հրաբուխների երկիր է: Դրանցից են Մասիսը, Արագածը, Նեխ-Մասիքը կամ Սիփանը։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: