Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիք

Աշխարհագրական այն տարածքը, որի հետ ի սկզբանե կապված է հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, կոչվում է Հայկական լեռնաշխարհ։ Այն բնության ստեղծագործություն է, սակայն, եթե բացառենք չնչին տարբերությունները, այն զարմանալիորեն համընկնում է մեր պատմական հայրենիքին, որտեղ կազմավորվել, զարգացել ու իր քաղաքական կյանքն է կերտել հայ ժողովուրդը։

Հայերն իրենց հայրենիքը կոչում են Հայք կամ Հայաստան, իսկ հարևան ժողովուրդները՝ Արմենիա, և միայն վրացիներն են, որ մեր երկիրն անվանում են Սոմխեթի։

նկ. Նեմրութ լեռան գագաթը կիսալուսնաձև լճով
Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը, որի նշանակալից մասը զբաղեցնում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհը։ Հայկական լեռնաշխարհը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ
հարթավայրեր ու սարահարթեր, որտեղ էլ կենտրոնացած է եղել երկրի բնակչության մեծ մասը։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական սարահարթի միջև, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և իշխող դիրք ունի դրանց նկատմամբ։ Դրա հետևանքով
որոշ աշխարհագրագետներ փոխաբերական իմաստով այն կոչել են Լեռնային կղզի։
 
նկ. Այրարատյան դաշտը Մասիս և Սիս լեռնագագաթներով
Սկիզբ առնելով Մասիս (Մեծ Արարատ) լեռնագագաթից (5165 մ) և ձգվելով արևելքից արևմուտք, Հայկական Պար լեռնաշղթան գրեթե երկու հավասար՝ հյուսիսային և հարավային մասերի է բաժանում Հայկական լեռնաշխարհը։ Մասիսը համարվել է սրբազան լեռ, և նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել։ Աշխարհում կան Մասիսից ավելի բարձր լեռնագագաթներ, սակայն դրանցից և ոչ մեկն իր շրջակայքի նկատմամբ այնպես վեր չի խոյանում, ինչպես Մասիսը։ Նրա հարևանությամբ բարձրանում է Սիս կամ Փոքր Մասիս (Փոքր Արարատ) լեռան գեղեցիկ, կոնաձև գագաթը։
 
նկ. Քառագագաթ Արագած լեռը
Հայկական Պար լեռնաշղթան հարավից և Արագած քառագագաթ լեռնազանգվածը հյուսիսից եզերում են Այրարատյան դաշտը, որի անունը ժողովրդական ավանդությունը կապում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի անվան հետ։ Ներկայումս այն կոչվում է Արարատյան դաշտ, որի կենտրոնով հոսում է Երասխ (ներկայումս՝ Արաքս) գետը։ Արարատյան
դաշտը, որ մեր հայրենիքի առավել ընդարձակ և արգասաբեր հարթավայրերից մեկն է, գրեթե մշտապես եղել է երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Այստեղ են գտնվել Հայաստանի նշանավոր մայրաքաղաքներ Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այստեղ է գտնվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանը։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: