Հանրագիտարան

Հին Եգիպտոս

Աֆրիկայի հյուսիս –արևելքում՝ Նեղոս գետի ափերին է ձևավորվել ու զարգացել Հին Եգիպտոսի պետությունը:

Նեղոսի պարգևը 

Նեղոսն աշխարհի ամենաերկար գետն է, որի երկարությունը՝ մոտ 6700 կմ է: Հորդառատ անձրևներից և ձնհալից Նեղոսի ջրի մակարդակն ամռանը բարձրանում էր և ողողում ափերը՝ պարարտացնելով հողը: Ողողվող հողերից արևելք և արևմուտք անծայրածիր անապատ էր: Այնտեղ անձրևներ չէին տեղում, և Նեղոսը կենարար ջրի միակ աղբյուրն էր: Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:

Բնակավայրեր էին առաջանում այնտեղ, որտեղ մարդկանց հաջողվում էր կառուցել ջրանցքներ և ամբարտակներ: Նեղոսի վարարումների դեմ մշտական պայքարը համախմբում էր մարդկանց, ստիպում ստեղծել ուժեղ պետություն: Միայն այս կերպ էր հնարավոր իրականացնել համատեղ կառուցողական աշխատանքներ:
 
Ք. ա. IV հազարամյակի վերջին Նեղոսի ափերին ստեղծվեց շուրջ 40 փոքր պետություն: Հետագայում դրանց միավորումից կազմվեցին Վերին և Ստորին Եգիպտոսների թագավորությունները: Ք.ա. XXXI դարում այդ երկուսի միավորումից Եգիպտոսում ստեղծվեց միացյալ թագավորություն: Հիմնադիրը Մինա արքան էր: Մայրաքաղաք հռչակվեց Մեմֆիսը (եգիպտերեն Մինֆի՝ Սպիտակ պարիսպ):
 
Աստծո որդին Եգիպտոսի արքային անվանում էին փարավոն, որ նշանակում էր «մեծ տան (այսինքն՝ պալատի) տեր»: Կենդանության օրոք փարավոնին երկրպագում էին՝ ինչպես աստվածներին: Նրա անունը ոչ ոք իրավունք չուներ արտասանելու, քանի որ արքան համարվում էր աստծո որդի, կենդանի աստված: Երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո փարավոնը պետք է միանար մյուս աստ ածներին և վայելեր աստվածներին արժանի հավերժական կյանք: Այդ պատճառով փարավոնների համար կառուցում էին շքեղ դամբարաններ՝ բուրգեր:
 
Մինչև Ք. ա. XV դարը ոչ մի փարավոն չէր կարողացել նվաճել Ասորիքը և հասնել Եփրատ գետին: Առաջինը դա հաջողվեց Թութմոս III–ին (Ք. ա. 1468–1434 թթ.): Մեկը մյուսի հետևից պարտության մատնելով բոլոր հակառակորդներին՝ փարավոնի զորքն անցավ Եփրատը և հասավ մինչև Հայկական Տավրոսի լեռները: Պատերազմների ավարտին Եգիպտոսի տերության տարածքը հյուսիսից հարավ ձգվում էր շուրջ 3200 կմ:
 
«Հավերժ բարեկամներ»
 
Եգիպտոսը և Խեթական տերությունը շուրջ երկու դար անհաշտ թշնամիներ էին: Ք. ա. 1274 թ. Ասորիքում նրանց միջև տեղի ունեցավ խոշոր ճակատամարտ: Հակառակորդներից ոչ մեկը չկարողացավ հասնել վճռական հաջողության: Տասնվեց տարի անց փարավոն Ռամզես II–ը (Ք. ա. 1279–1213 թթ.) և խեթական արքան կնքեցին «Հավերժական բարեկամու թյան» պայմանագիր: Այնտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ վիճելի հարցերը պետք է լուծվեին խաղաղ բանակցությունների ճանապարհով: Եթե որևէ թշնամի սպառնար դաշնակիցներից մեկին, մյուսը պարտավոր էր նրան անմիջապես օգնել զորքով: Պայմանագիրն ամրապնդվեց Ռամզեսի և խեթական արքայադստեր ամուսնությամբ:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: