Հանրագիտարան

Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օր

Ըստ ազգային ավանդության`   Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք, առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում՝ դառնալով քրիստոնյա:

Նրանցից գլխավորը`   Խռուսին (հայերեն`   Ոսկի, այստեղից էլ`   Ոսկյաններ), ձեռնադրվում է նաև քահանա: Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում:

 

Առաջնորդվելով աստվածային պատգամով`   նրանք գալիս են հայոց արքունիք`   քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները: Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:

 

Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի`   Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին`   հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներից`   Ոսկյաններից՝ սրախողխող անելով նրանց:
 
Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի`   տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: