Հանրագիտարան

Հասարակության շերտավորումը

Բրոնզի դարում տեղի ունեցան հասարակական մեծ փոփոխություններ:

Նախնադարյան հոտը, տոհմական համայնքը և ցեղը ունեին մեկ ընդհանուր հատկանիշ. չկար մասնավոր սեփականություն: Բոլոր մարդիկ հավասար էին: Սակայն աշխատանքային գործիքների և զենքի կատարելագործումը, տնտեսության և առևտրի զարգացումը փոխեցին հասարակության պատկերը: Սկսեց մեծ դեր խաղալ նահապետական ընտանիքը: Յուրաքանչյուր ընտանիքում ապրում էր մի քանի սերունդ`   հայր, մայր, որդիներ, թոռներ, ծոռներ: Այն աշխատանքը, որը մի ժամանակ կատարում էր ողջ տոհմը, այժմ կարող էր կատարել մեկ ընտանիքը: Այդ ընտանիքն էլ յուրացնում էր իր աշխատանքի արդյունքները: Աստիճանաբար նահապետական ընտանիքին հատկացվեցին այն հողակտորները, անասունները և իրերը, որոնց նա տնօրինում էր սերնդե սերունդ: Այդ ճանապարհով ձևավորվեց մասնավոր (ընտանեկան) սեփականությունը: Որոշ ընտանիքներ հարստացան՝ օգտագործելով իրենց բազմանդամությունը և հեղինակությունը: Հարուստ էին տոհմի և ցեղի առաջնորդները և նրանց մերձավորները: Իսկ մյուսներն ապրում էին համեստ կենցաղով: Աստիճանաբար խաթարվեց նախնադարին բնորոշ մարդկանց հավասարությունը: Նախկին միատարր հասարակությունը շերտավորվեց: Ի հայտ եկան հասարակական տարբեր խմբեր՝ տոհմացեղային ավագանի, քրմություն, զինվորներ, համայնքի շարքային անդամներ:

Պետության առաջացումը
 
Շերտավորված հասարակությունը կարիք ուներ կառավարման նոր համակարգի: Ցեղերն սկսեցին միավորվել`   կազմելով ցեղային միություններ: Դրանցում իշխանությունը կենտրոնացավ վերնախավի ձեռքում: Հետագայում ցեղային միություններից ձևավորվեց պետությունը: Այն համախմբում էր մարդ կանց և կազմակերպում հասարակական աշխատանքները: Դրանցից էին ջրանցքների, ճանապարհների, բնակավայրերի կառուցումը, վար ու ցանքի, բերքահավաքի կազմակերպումը և այլն: Պետությունը ապահովում էր երկրի պաշտպանությունը թշնամիներից, նաև Երրորդ`   կարգավորում էր նույն տարածքում ապրող մարդկանց համատեղ կյանքը:
 
Առաջին պետությունները ձևավորվել են Ք.ա. IV հազարամյակի վերջերին՝ խոշոր գետերի ավազաններում (Եգիպտոս և Միջագետք):
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: