Առողջապահություն

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է։ Առողջությունը բանակի մարտունակության երաշխիք

Այն ոչ հեռավոր`   1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայ ազատամարտիկների կողքին էին նաև հարյուրավոր բժիշկներ, ովքեր վիրահատական նշտարը հաճախ էին փոխարինում զենքով, որովհետև արյունռուշտ թշնամին մի քանի անգամ թվաքանակով գերազանցում էր մեզ, հետևաբար հարկավոր էր հնարավորինս նեցուկ կանգնել հայրենի հողն ու Ղարաբաղը պաշտպանող մարտիկներին:

 

Այն ոչ հեռավոր`   1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, իրենց ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայ ազատամարտիկների կողքին էին նաև հարյուրավոր բժիշկներ, ովքեր վիրահատական նշտարը հաճախ էին փոխարինում զենքով, որովհետև արյունռուշտ թշնամին մի քանի անգամ թվաքանակով գերազանցում էր մեզ, հետևաբար հարկավոր էր հնարավորինս նեցուկ կանգնել հայրենի հողն ու Ղարաբաղը պաշտպանող մարտիկներին: Նրանք չէին էլ ենթադրում, որ իրենց այդ արարքը, որ այն տարիներին թվում էր սովորական, իսկական հերոսության նման մի բան էր: Հեշտ  է ասել`   դառնալ մասնակիցը մի շարք մարտական գործողությունների, իսկ կրակային կարճատև հրադադարների ընթացքում, առանց տարրական հարմարությունների, դաշտային-վրանային հոսպիտալի պայմաններում, անգամ բաց դաշտում, իրականացնել բարդագույն վիրահատություններ, այլապես մենք կորցնելու էինք արյունաքամվող հարյուրավոր ազատամարտիկների, ռմբակոծության տակ հայտնված բազմաթիվ քաղաքացիական անձանց:

 

Այդ բժիշկների մտքով չէր էլ անցնում, որ, ազատամարտիկների հետ միասին իրենք էլ նոր-նոր անկախացած Հայաստանի Հանրապետության բանակի հիմքերն էին գցում:

 

Ահա ինչու Հայկ Նահապետի հայրենասիրական քաջագործություններից մինչև Սարդարապատ և Արցախյան հերոսական մարտերը համաշխարհային հանրությանը միշտ զարմացրել է հայ զինվորի կռվելու և հաղթելու գաղափարը, և ազգին անմնացորդ նվիրումը, որը դարձել է ամեն հայի պարծանքն ու հպարտությունը:

 

18-ամյա կենսագրություն ունեցող մեր բանակը պատահական չէ, որ այսօր դարձել է մեր ազգային ինքնության խթան և անհատի կայացման մի դարբնոց, ուր պատանիները դառնում են իսկական տղամարդ:

 

Թե մեր դաշնակիցները, թե թշնամիները չեն կարող չխոստովանել, որ Հայաստանի զինված ուժերը ամենամարտունակն են ամբողջ տարածաշրջանում: Ընդ որում, մարտունակ բոլոր առումներով. մենք ունենք ցամաքային, ռազմաօդային, հակաօդային պաշտպանություն և այլ կարգի ստորաբաժանումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են արժանի հակահարված հասցնել նախահարձակ լինող ցանկացած թշնամու: Գաղտնիքը ոչ միայն զենքի ուժի մեջ է. մեր զինվորն օժտված է ոգու անխորտակ հզորությամբ: Ավելին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ`   այսօր մեր բանակ են զորակոչվում բացառապես առողջ և մարտունակ պատանիներ, ինչը նաև բանակի բուժծառայության, բժշկական հանձնաժողովների հստակ և նպատակասլաց աշխատանքի արդյունք է:

 

Այսօր իրենց ծառայությունը գերազանց են իրականացնում ոչ միայն հոպիտալային, այլև զորամասային օղակների բժիշկները, բուժքույրերը: Հենց հետևողական այս ծառայության շնորհիվ է, որ բանակում, հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում, համաճարակային հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել:

 

Ավելին, մայրաքաղաքից բացի, ուր գործում են Կենտրոնական կլինիկական և Երևանի կայազորային հոսպիտալները, զինվորական հոսպիտալներ են տեղակայված այն մարզերում և ազատագրված տարածքներում, ուր զորամասեր են գործում:

 

Շնորհիվ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի, ինչպես նաև Երևանում, Ռուսաստանի Դաշնությունում, արտասահմանյան այլ երկրներում կլինիկական օրդինատուրա անցնող շրջանավարտների և մասնագիտական որակավորում ստացող երիտասարդ բժիշկների, մեր բանակի հոսպիտալային և զորամասային օղակները մշտապես համալրվում են բարձր որակավորում և վարկանիշ ունեցող բժիշկներով:

 

Բանակի բուժծառայության հզորացման հրաշալի նախապայման է նաև շարունակական կրթությունը, ռազմաբժշկական թեմաներով թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանությունը: Հայաստանի զինված ուժերում բուժծառայություն են իրականացնում բժշկագիտության 5 դոկտոր և 40 թեկնածու, հիմնանորոգվել են Երևանի կայազորային, տեխնիկական վերազինման ենթարկվել Վարդենիսի, Սիսիանի, Վանաձորի զինվորական հոսպիտալները, բարելավվել շենքային պայմանները, հագեցվել անհրաժեշտ սարքավորումներով:

 

Հայոց բանակի պանծալի 18-ամյա տարեդարձի առիթով ջերմորեն շնորհավորում ենք բուժանձնակազմին`   ցանկանալով խաղաղ և անփորձանք ծառայություն, ծառայական խիզախություն, մասնագիտական և անձնական կյանքում հաջողություններ, երջանկություն:

 

 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3 (541) 29.01.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: