Հանրագիտարան

Սբ. Անտոն Ճգնավորի հիշատակության օր

Սբ. Անտոն Ճգնավորը կամ Սբ. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Հունվարի 16-ին տոնում են Սբ. Անտոն Ճգնավորի հիշատակության օրը:

Նա ծնվել է 251 թվականին Եգիպտոսի Կոմա գյուղում՝ ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որում Հիսուսն ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, նախ վաճառիր ինչ-որ ունես ու աղքատներին տուր և երկնքում գանձեր կունենաս»:

 

Առաջնորդվելով այս պատվիրանով`   Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝  հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի դեմ:

 

Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին`   սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ: Լսելով նրա սրբակեցության մասին`   շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին`   սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց:

 

Սուրբը կնքում է իր մահկանացուն 105 տարեկանում`   արժանանալով երկնային պսակին և իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար: Հայաստանյայց առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և տոներ ունի՝ սահմանած ի հիշատակ նրանց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: