Հանրագիտարան

1930թ. բացվեց Գրողների ծաղկաձորյան տունը

Ծաղկաձորում Գրողների ստեղծագործական տունը գործում է 1930-ական թվականներից: Մինչև 1976թ.-ն այն փայտաշեն երկհարկանի մի տնակ էր, որն այժմ չի պահպանվել: Այստեղ ժամանակին իրենց հանգիստն են անցկացրել հայ գրականության շատ երևելիներ`   Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Հրաչյա Քոչարը, Մուշեղ Գալշոյանը, Վարդգես Պետրոսյանը և այլք:

Նոր մասնաշենքի գործարկումից`   1976թ.-ից ի վեր, Ծաղկաձորի ստեղծագործական տունը գտնվում է անընդհատ բարեփոխումների և առաջարկվող ծառայությունների քանակի ու որակի մշտական կատարելագործման գործընթացում:

«Ծաղկաձորի ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրը Հայաստանի տուրիստական շուկայում ունի ուրույն տեղը զբոսաշրջիկների բարձրակարգ սպասարկման, հովեկների հանգստի բովանդակալից կազմակերպման, գիտաժողովների ու սեմինար խորհրդակցությունների մասնակիցների ընդունման և համալիր ծառայությունների մատուցման բնագավառում:
 
Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ ու մույթեր: Շինությունը տեղակայված է արևմուտքից արևելք երկայնքով, հարավից հարում է բնական անտառին, իսկ մնացած բոլոր կողմերին կից տարածքները բարեկարգված ու հարդարված են:
 
Այդ տարածքներում գործում են թենիսի կորտը, երեխաների խաղահրապարակը, ինքնատիպ զրուցարանը, ավտոկայանատեղին, բաց լողավազանը և այլն: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում`   անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը, իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով համարվում է հանգստի սիրված վայր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: