Հանրագիտարան

1832թ. բացվեց Երևանի գավառական դպրոցը

Երևանի գավառական դպրոցը հիմնադրվել է 1832 թ. հունվարի 14-ին ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն և Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ:

Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց՝ հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրենը նշանակվում է Ռուսաստանից: 1843թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչ անհետանալը`   1843թ. ապրիլի 2-ը:

 

Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868թ. բացվում է լրիվ տարրական չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա): 1881թ. չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է տարրական դասական գիմնազիա, որի շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բուհ:

 

Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար նաև հայերեն: 1913թ. գիմնազիան ուներ 707 սան:

 

Ուսումը վճարովի էր, և միայն 10% էին կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918թ. գիմնազիան վերանվանվում է Հայկական դասական գիմնազիա: 1920թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը, և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց:

 

1925թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան: Դպրոցի տնօրեններ են եղել պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը, Միհրան Մանուկյանը, Սամվել Խաչատրյանը, Արմենակ Վարդապետյանը, Մելիթոս Կարապետյանը:

 

1953-1963թթ. տնօրինել է վաստակավոր ուսուցիչ Գեղեց Տիտանյանը: Նրա օրոք բարձրանում է դպրոցի դերն  ու հեղինակությունը, նրան հաջորդում է Հ. Գասպարյանը: 60-ական թվականներին դպրոցում բացվում են անգլերեն թեքումով դասարաններ, որոնց շնորհիվ աճում է աշակերտների թիվը:

 

1970-80-ական թվականներին դպրոցում ակնառու է դառնում մաթեմատիկայի բարձր դրվածքը, դպրոցն ստանում է ֆիզմաթ թեքում, ինչի շնորհիվ կրկին աճում է աշակերտների թիվը՝ հասնելով 700-1000-ի: Տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանը, շարունակողը`   Սարգիս Հովսեփյանը (1986-1999թթ.):

 

1995թ. դպրոցն ուներ 513 աշակերտ, 1999թ.`   387: Այսօր դպրոցն ունի շուրջ 502 աշակերտ, 21 դասարան, 41 ուսուցիչ, 8 տեխնիկական աշխատողներ, 3 փոխտնօրեններ, 7 մեթոդ միավորման նախագահներ: Հիմնական օտար լեզուն անգլերենն է:

 

Դպրոցը պարգևատրվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի հուշամեդալով և պատվոգրերով, 2007թ. ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով և «Երևանի քաղաքապետարանի զինանշան» մեդալով:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: