Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների, թե՛ մանկաբույժների ուշադրությունը բևեռվում է երեխայի մոտ հնարավոր հիվանդությունների կանխարգելման, հայտնաբերման և բուժման խնդիրների վրա։
Երեխային չմրսեցնելու մտավախությամբ ծնողները շատ հաճախ նրան այնքան են հագցնում, որ ամբողջովին «գործազրկության են մատնում» օրգանիզմի ջերմակարգավորման համակարգը, որը պատասխանատու է գերտաքացման և գերսառեցման համար։
Մատնվելով անգործունեության` ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի պատճառով նույնիսկ ամենաչնչին քամին էլ կարող է սպառնալ երեխայի առողջությանը։ Օրգանիզմի դիմադրողականությունը և եղանակային փոփոխությունների հանդեպ վերջինիս կայունությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։
Անհրաժեշտ է, որպեսզի Ձեր փոքրիկի մարմինը կարողանա հարմարվել և դիմակայել թե՛ ցրտին, թե՛ շոգին։ Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են ընձեռում բարելավելու օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն են թողնում երեխայի ֆիզիկական զարգացման վրա, կայունացնում իմունիտետը և օրգանիզմի տարբեր պայմաններին հարմարվելու կարողությունը։
Կոփումը երեխայի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը միտված ամենաարդյունավետ մեթոդն է։ Ընդ որում՝ կոփումը պետք է սկսել ծննդյան առաջին իսկ օրվանից և երեխային նախապատրաստել իր կյանքի կարևորագույն փուլերից մեկին` դպրոցին։
Կոփել ամբողջ տարվա ընթացքում
Կոփման գործընթացը պետք է լինի շարունակական. նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, որոնք ձևավորվում են հենց կոփիչ մեթոդների ազդեցության ներքո։ Նույնիսկ չափահաս մարդկանց մոտ մարզումները դադարեցնելուց 3-4 շաբաթ անց օրգանիզմի ցրտադիմացկունությունը զգալիորեն անկում է ապրում, իսկ մեկ տարեկան երեխայի հարմարվողականության արդյունքն անհետանում է կոփումը դադարեցնելուց 5-7 օր անց։
Տարվա եղանակներով պայմանավորված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ՝ ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել երեխայի ոտքերը սառը ջրով շփելով։ Երեխայի մարմնի կոփմանը միտված գործողությունները պետք է ներառվեն ամենօրյա այն պարտադիր կանոնների մեջ, ինչպիսիք են երեխային լողացնելը, կերակրելը, զբոսանքի տանելը, քնեցնելը և այլն։
Պարզից դեպի բարդը
Կոփումը հիմնված է օրգանիզմի անսովոր պայմաններին հարմարվելու հատկության վրա։ Այդ իսկ պատճառով հարկավոր է պարզ ու թեթև կոփման մեթոդներն աստիճանաբար բարդացնել, օրինակ՝ ջրի ջերմաստիճանը ավելի ու ավելի իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարեցնել։ Սա հատկապես ցուցված է 0-ից մինչև 5 տարեկան երեխաներին։
Ջերմային ռեժիմի պահպանում
Կոփման ժամանակ անհրաժեշտ է անպայման ստուգել երեխայի մաշկի ջերմաստիճանը։ Կոփումը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ երեխայի քիթն ու վերջույթները տաք են։ Եթե երեխան սառել է, ու նրա անոթները նեղացել են, ապա կոփումը ոչ միայն բարերար ազդեցություն չի թողնի, այլ շատ հնարավոր է, որ բացասաբար անդրադառնա երեխայի առողջության վրա։
Ոչ պակաս վտանգավոր է նաև գերտաքացումը. մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը կարող է հանգեցնել Ձեր մանչուկի օրգանիզմի գերսառեցմանը։
Կոփում օդի միջոցով
Միջոց 1. Սենյակի օդափոխություն
Օդային կոփումն սկսվում է հենց սենյակի օդափոխումից։ Սրա լավագույն ձևը միջանցիկ քամի ստեղծելն է, իհարկե, այն ժամանակ, երբ երեխան սենյակում չէ։ Օդափոխման կոփիչ ազդեցությունը սենյակի ջերմաստիճանը սովորականից 1-2˚C-ով նվազեցնելն է։ Աշնանը և ձմռանը սենյակը պետք է օդափոխել 4-5 անգամ` 10-15 րոպե տևողությամբ։
Ամռանը պետք է պատուհանները բաց թողնել, քանի որ փոքրիկի սենյակի օպտիմալ ջերմաստիճանը պետք է լինի 18-20˚C։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում նկատվում է երեխայի ֆիզիկական զարգացման դանդաղում։
Միջոց 2. Զբոսանք և քուն մաքուր օդում
Ծնողներին խորհուրդ է տրվում երեխային հնարավորինս երկար պահել մաքուր օդում։ Ամռանն ավելի լավ է մեկնել քաղաքից դուրս և երեխայի առօրյան կազմակերպել բացառապես դրսում։ Զբոսանքի տանել կարելի է տարվա բոլոր եղանակներին։
Հիշե՛ք մեր առաջին խորհուրդը՝ շատ մի՛ հագցրեք երեխային. որքան հագուստը թեթև լինի, այնքան մաշկն ավելի շատ կշնչի, և երեխան առողջ կլինի։ Երեխայի կյանքի առաջին մեկ ու կես տարում ցերեկային քունը չափազանց կարևոր և օգտակար է։
Հեշտ քնելը, դեմքի վարդագույնը, հանդարտ և հավասար շնչառությունը, չքրտնելը, զարթնելիս տաք վերջույթները խոսում են այն մասին, որ երեխան ճիշտ է հագնված, այսինքն` գտնվում է ջերմային հարմարավետության վիճակում։
Եվ դրան հակառակ, եթե երեխան գունատ է, քիթը և վերջույթները` սառը, ապա նա գտնվում է կտրուկ սառեցման վիճակում։ Իսկ փոքրիկի խոնավացած մաշկը և ճակատը քրտինքով պատված լինելը վկայում են երեխայի մոտ հիպերթերմիկ վիճակի զարգացման մասին։
Միջոց 3. Օդային լոգանքներ
Օդային լոգանքի ազդեցության ներքո թթվածնային հագեցումը հարստանում է, ջերմափոխանակման պայմանները զգալիորեն փոփոխման են ենթարկվում, բարելավվում է նյարդային համակարգի բնականոն գործունեությունը, ինչի արդյունքում երեխան դառնում է հանգիստ, սկսում է ուտել ախորժակով, կարգավորվում է քունը։
Մինչև մեկ տարեկան երեխայի օդային լոգանքն սկսվում է բարուրելուց, ուստի խորհուրդ է տրվում ամեն բարուրի ժամանակ և փոքրիկի շորերը փոխելիս, որոշ ժամանակ նրան մերկ թողնել։ Երեխայի շորերը հանելիս և հագցնելիս պետք չէ շտապել։
Օդային լոգանքների տևողությունը ժամանակի ընթացքում պետք է երկարացնել, իսկ արդեն մեկ ամսական երեխային օդային լոգանքների հետ մեկտեղ խորհուրդ է տրվում նաև մերսել և մարմնամարզական թեթև վարժություններ անել։
Մինչև կես տարեկան երեխայի օդային լոգանքները պետք է լինեն օրական երկու անգամ` յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ։ Դրանք պետք է սկսել 3 րոպեից և ամեն օր ավելացնել 1 րոպե։ Կես տարին լրանալուց հետո օդային լոգանքները պետք է լինեն օրական 2 անգամ` յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ, ընդ որում՝ ամեն անգամ օդային լոգանքի տևողությունը պետք է երկարեցնել 2 րոպեով։
Որպես կանոն օդային լոգանքների ժամանակ և դրանցից հետո երեխան առույգ տեսք է ունենում, տրամադրությունը զգալիորեն բարձրանում է։ Հետևե՛ք, որ դրանց հաջորդող ժամերին երեխան շարժվելու բավականաչափ հնարավորություն ունենա։
Ուշադի՛ր եղեք նաև գերսառեցման նկատմամբ. երեխայի մաշկին սարսուռի նշաններ առաջանալուն պես դադարեցրե՛ք զբոսանքը և հագցրեք։ Դրանից հետո խորհուրդ է տրվում կրճատել օդային լոգանքների տևողությունը։ Մեծ ուշադրություն դարձրեք երեխայի քնելուն և ախորժակին, քանզի վերջիններիս խանգարումն օդային լոգանքների բացասական ազդեցության մասին վկայող առաջին ազդանշանն է։
Կոփում արևի ճառագայթներով
Ամռանը խորհուրդ է տրվում օդային լոգանքներին զուգահեռ անցկացնել նաև արևային լոգանքներ։ Պետք չէ անտեսել այն փաստը, որ արեգակի ճառագայթները գերհզոր ազդեցություն ունեն։ Այդ իսկ պատճառով ամենափոքրիկներին արևի ուղիղ ճառագայթների տակ պահել, ինչպես նաև արևային լոգանքների ենթարկելը, խստիվ հակացուցված է։
Արևային լոգանքները պետք է սկսել ստվերի պայմաններում, ընդ որում՝ օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 22-24˚C։ Սկզբում երեխային պետք է որևէ բարակ կտորից կարված շապիկ հագցնել և գլուխը կապել գլխաշորով։ Այնուհետև երեխային կարելի է մերկացնել և մի քանի րոպե թույլ տալ վայելել արևի տաք «համբույրները»։
Արևային լոգանքների տևողությունը կարելի է հասցնել մինչև 10 րոպեի, ընդ որում՝ ցանկալի է և առողջարար, երբ երեխան այդ ընթացքում ակտիվ շարժվում է։ Եթե Ձեր փոքրիկն իրեն լավ է զգում ծառի ստվերում, ապա հանգիստ կարող եք կես րոպե նրան պահել արևի ուղիղ ճառագայթների տակ, այնուհետև աստիճանաբար արևային լոգանքը հասցնել մինչև 5 րոպեի։
Արևային լոգանքների անցկացման համար օրվա լավագույն հատվածն առավոտյան ժամը 10-11-ն է կամ երեկոյան ժամը 17-18-ը։ Ուշադիր եղեք, որպեսզի երեխան չարևահարվի։ Դեմքին կարմրություն հայտնվելուն պես անհրաժեշտ է փոքրիկին տեղափոխել ստվերոտ տեղ և ջուր խմեցնել։
Եթե երեխան թուլակազմ է, ապա արևային լոգանքները շատ զգուշությամբ պետք է իրականացվեն։ Տեղին կլինի նաև պարբերաբար խորհրդակցել մանկաբույժի հետ։