Առողջապահություն

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում: 
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ`   ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ`   Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.:

 

Հոդված 1. Օտարերկրացիների արտաքսմանը վերաբերող ընթացակարգային երաշխիքները

 

  1. Որևէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման, և պետք է հնարավորություն ունենա`  
    a) փաստարկներ ներկայացնելու իր արտաքսման դեմ, 
    b) վերանայել տալու իր գործը, և 
    c) այդ նպատակով ներկայացվելու իրավասու մարմնի կամ այդ մարմնի նշանակած մեկ կամ մի քանի անձանց առջև:
  2. Օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան սույն հոդվածի 1-ին կետի (a), (b) և (c) ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով:

 

Հոդված 2. Քրեական գործերով գանգատարկման իրավունքը

 

  1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:
  2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ կամ երբ տվյալ անձը դատվել է ամենաբարձր ատյանի կողմից, որը հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, կամ դատապարտված է եղել այդ անձի արդարացման դեմ վճռաբեկ գանգատի քննարկումից հետո:

 

Հոդված 3. Փոխհատուցումը սխալ դատապարտման դեպքում


Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:

 

Հոդված 4. Կրկին չդատվելու և չպատժվելու իրավունքը

 

  1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
  2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա:
  3. Սույն հոդվածի դրույթներից շեղում չի թույլատրվում Կոնվենցիայի 15-րդ հոդվածի հիման վրա:

 

Հոդված 5. Հավասարությունն ամուսինների միջև


Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս ամուսինները հավասար իրավունքներ և մասնավոր իրավական բնույթի հավասար պատասխանատվություն ունեն փոխադարձ հարաբերություններում և իրենց երեխաների հետ ունեցած հարաբերություններում: Սույն հոդվածը պետություններին չի խոչընդոտում ձեռնարկելու այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են երեխաների շահերը պաշտպանելու համար:

 

Հոդված 6. Տարածքային կիրառումը

 

  1. Ցանկացած պետություն ստորագրելիս կամ իր վավերագիրը կամ ընդունման կամ հավանություն տալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց վրա տարածվում է սույն Արձանագրության գործողությունը, և նշել այն ծավալը, որով տվյալ պետությունը պարտավորվում է սույն Արձանագրության դրույթները կիրառել այդ տարածքի կամ տարածքների նկատմամբ:
  2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ, ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրվանից, որն սկսվում է Գլխավոր քարտուղարի կողմից նման հայտարարություն ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետի լրանալուց հետո:
  3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է չեղյալ հայտարարվել կամ փոփոխվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարումը կամ փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որն սկսվում է Գլխավոր քարտուղարի կողմից նման ծանուցագիրն ստանալու ամսաթվին հաջորդող երկամսյա ժամկետի լրանալուց հետո:
  4. Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն:
  5. Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու ուժով, և ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության`   սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով, 1-ին հոդվածում պետության տարածքը վկայակոչելու նպատակով կարող են դիտվել որպես առանձին տարածքներ:
  6. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի`   առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածների կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը:

 

Հոդված 7. Հարաբերությունը Կոնվենցիային 


Մասնակից պետությունների հարաբերություններում սույն Արձանագրության 1-6-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

Հոդված 8. Ստորագրումը և վավերացումը


Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել`   առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 9. Ուժի մեջ մտնելը

 

  1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը, երբ Եվրոպայի խորհրդի անդամ յոթ պետություն, 8-րդ հոդվածին համապատասխան, իրենց համաձայնությունն են հայտնում սույն Արձանագրությամբ պարտավորություններ ստանձնելու կապակցությամբ
  2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորություն ստանձնելու իր համաձայնությունը հայտնում է հետագայում, այն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո երկամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

Հոդված 10. Ավանդապահի գործառույթները

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին ծանուցում է`  


a) ցանկացած ստորագրման, հավանության արժանացման մասին, 
b) վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին, 
c) 6 և 9-րդ հոդվածներին համապատասբան`   սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին, 
d) սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հայտարարության մասին:

 

Ի հավաստումն որի`   պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում, 1984թ. նոյեմբերի 22-ին, անգերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որը պահվում է Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: