Առողջապահություն

Ձեռքերը ջեռուցիչից հեռու պահեք. Արտակ Ղազարյան

Ձմռանը ջերմաստիճանի իջեցման պայմաններում արյան հոսքը դեպի մաշկի բաց հատվածները (ձեռքերը, դեմքը) դանդաղում է: Պատճառն անոթների սպազմն է, որի հետևանքով մաշկը կարող է չորանալ ու թեփոտել, երբեմն հնարավոր է նույնիսկ այտուցի զարգացում, ցավոտ հանգույցների առաջացում, որոնք, սովորաբար, ուղեկցվում են քորով:

 

«Մեր տարածաշրջանը գտնվում է կիսաանապատային կլիմայական գոտում, այսինքն. ամռանը լինում է շատ շոգ, ձմռանը`  ցուրտ: Նման ջերմային տատանումների պայմաններում մաշկը կորցնում է իր առաձգականությունը: Մեր խնդիրն է սնուցող քսուքներով օգնել վերականգնելու մաշկի բնական վիճակը»,- Med-Practic-ի հետ զրույցում ասել է մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը: Բժիշկն ընդգծել է. «Ձմռանը ջերմաստիճանի իջեցման պայմաններում արյան հոսքը դեպի մաշկի բաց հատվածները (ձեռքերը, դեմքը) դանդաղում է: Պատճառն անոթների սպազմն է, որի հետևանքով մաշկը կարող է չորանալ ու թեփոտել, երբեմն հնարավոր է նույնիսկ այտուցի զարգացում, ցավոտ հանգույցների առաջացում, որոնք, սովորաբար, ուղեկցվում են քորով»: Մաշկավեներաբանը նաև նշել է, որ նման նշանների դեպքում զարգանում է Ռեյնո հիվանդությունը:


«Այս հիվանդությունը կարող է զարգանալ նույնիսկ 0°C պայմաններում: Բժշկության մեջ այդ հիվանդությունը կոչվում է նաև «ձմեռուկ», որի առաջացման համար նպաստավոր են խոնավ եղանակները: Ձմեռուկից պաշտպանվելու առաջին պայմանը ձեռքերը տաք պահելն է: Դրա համար ցուրտ եղանակին անհրաժեշտ է ձեռնոցներ հագնել, կամ ձեռքերը գրպանները դնել, լվացվել միայն տաք ջրով, իսկ թեփոտման և ճաքերի առկայության դեպքում`   օգտագործել սնուցող քսուքներ: Ռեյնո հիվանդությունը զարգանալու դեպքում անց է կացվում համակարգային բուժում: Արդյունավետ է նաև ժողովրդական բժշկության մեջ կիրառվող սագի յուղը»,- պարզաբանել է Ա. Ղազարյանն ու հավելել, թե ընդհանրապես ինչպես ձմռանը զերծ մնալ ցրտահարություններից: Ըստ զրուցակցի,  կարևոր նախապայմաններից է`   դրսից տուն  գալիս ձեռքերն անմիջապես չմոտեցնել ջեռուցիչին, ջեռուցման մարտկոցներին: Ցանկալի է ձեռքերը տաքացնել շփման միջոցով: Ղազարյանը պնդում է, որ երկարատև ցուրտ պայմաններում գտնվելուց  ցրտահարությունն անխուսափելի է, որի հետևանքով կարող է գրանցվել անգամ մաշկի մեռուկացում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: