Հանրագիտարան

Էկոլոգիա

Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների մասին:

Այն գիտություն է նաև մարդկային հասարակության ու շրջակա բնական միջավայրի համատեղ զարգացման մասին. ուսումնասիրում է շրջակա բնական միջավայրի կայունացման ու կարգավորման կենսահարույց մեխանիզմները և կյանքի կայունությունն ապահովող գործոնները: Էկոլոգիան հետազոտում է այդ մեխանիզմների խախտման պատճառները և մշակում դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ:

Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ այսպես կոչված էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է էկոլոգիայի կիրառական նշանակությունը, առաջ է գալիս գիտությունների, արտադրակարգերի ու արտադրությունների այսպես կոչված էկոլոգացման անհրաժեշտություն: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն չունենան կենսոլորտի հավասարակշռության վրա:
 
Միջավայրի ցանկացած տարր, որը կենդանի օրգանիզմների վրա կարող է ունենալ ուղղակի կամ միջնորդված ազդեցություն, կոչվում է էկոլոգիական գործոն. լինում է կենսահարույց և ոչ կենսահարույց բնույթի: Կենսահարույց գործոն են սննդային, ինչպես նաև անհատ առանձնյակների կամ նրանց խմբերի (մրցակցություն տարածքի, սննդի, ջրի, վերարտադրության համար և այլն) ու տարբեր տեսակների առանձնյակների (օրինակ՝ գիշատչություն, մակաբուծականություն և այլն) փոխհարաբերություններով պայմանավորված գործոնները: Ոչ կենսահարույց գործոններից են ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը, տեղումները, մթնոլորտային ճնշումը, քամին, մթնոլորտի իոնացումը և այլն:
 
Էվոլյուցիոն զարգացման ընթացքում յուրաքանչյուր տեսակ հարմարվել է էկոլոգիական որոշակի գործոնների ազդեցությանը:
 
Բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները, ընդհանուր տարածքում համատեղ ապրելով, ստեղծում են գործնականորեն փակ էկոլոգիական համակարգ, որի շղթայի որևէ օղակի խաթարումը կարող է հանգեցնել անսպասելի բնական փոփոխության (օրինակ՝ ծածանի ներմուծումը Սևանա լիճ անցանկալի ազդեցություն ունեցավ իշխանի վրա):
 
ՀՀ-ում 1-ին էկոլոգիական ծրագիրը մշակվել է 1979 թ-ից և ներառել Սևանա լճի հիմնահարցի հետազոտությունները: 1982-ից բնության պահպանության տարածքային համալիր սխեմաներ են մշակվել առանձին քաղաքների (Երևան, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան) և ամբողջ հանրապետության համար:
Էկոլոգիական կրթության պետական համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով (1988 թ-ից) ՀՀ տարբեր բուհերում  ստեղծվել են դեպարտամենտներ, բաժիններ և ամբիոններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: