Հանրագիտարան

Լճեր

Լճերը երկրի մակերևույթի վրա զբաղեցնում են գումարային 2.7 մլն քառ. կմ կամ ցամաքի 1.8 տոկոսը։

 

Լճերը, ի տարբերություն ծովերի, օվկիանոսների հետ կապված չեն: Գետերից տարբերվում են նրանով, որ նրանցում ջուրը չի հոսում: Առավել տարածված են բարեխառն գոտու հյուսիսային, ինչպես նաև մերձբևեռային երկրներում (օրինակ՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Կանադայում, Լիտվայում): Ամենաշատ լճերը Կարելիայում են՝ շուրջ 64 հզ.:
 
Այն խորությունները, որտեղ գտնվում են լճերը, կոչվում են լճային գոգավորություններ, որոնք բազմազան են և առաջանում են տարբեր պատճառներով: Երկրի ներքին ուժերի ազդեցությամբ, օրինակ, երկրակեղևի ցածրացած տեղամասերում գոյանում են տեկտոնական լճեր: Դրանք, որպես կանոն, շատ խորն են և ունեն զառիթափ լանջերով ափեր. օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:
Լեռնային գետերի հովիտներում հանդիպում են խոր պատվարային լճեր: Երկրաշարժից առաջացած դարափուլը փակում է գետի ճանապարհը՝ ստեղծելով բնական ամբարտակ: Պամիրում 1911 թ-ին երկրաշարժից առաջացած դարափուլը փակել է Մուրղաբ գետի հունը, և առաջացել է Սարեզի լիճը: Հայկական լեռնաշխարհում նման ծագում ունեն Ակնա և Փարվանա լճերը:
 
Լինում են նաև ստորգետնյա լճեր, որոնք գոյանում են ստորգետնյա գետերի ճանապարհին հանդիպող քարանձավներում:
Սառցադաշտերը, հովիտներով շարժվելով, առաջացնում են գոգավորություններ, որոնք հետո լցվում են հալոցքային ջրերով՝ առաջացնելով լճեր (Սկանդինավյան թերակղզու, Կանադայի լճերը): Լճեր առաջանում են նաև հանգած հրաբուխների խառնարաններում, օրինակ՝ Աժդահակ և Արմաղան լճերը Գեղամա լեռնավահանում:
Բլրավետ հարթավայրերում լճերը գտնվում են բլուրների միջև ընկած իջվածքներում: Հարթավայրային գետերի հովիտներում հաճախ կարելի է տեսնել ոչ մեծ հնահուն լճեր: Դրանք իրենց ուղղությունը փոխած գետերի նախկին հուների տեղամասեր են: Ոչ մեծ և ոչ խոր լճային գոգավորությունները հաճախ լցվում են գետային նստվածքներով և արագորեն բուսակալում. լճի տեղում առաջանում է ճահիճ:
Լճերը, ինչպես գետերը, սնվում են անձրևային, հալոցքային, ստորերկրյա ջրերով:
 
Այն լճերը, որոնցից գետեր են արտահոսում, կոչվում են հոսուն. օրինակ՝ Սևանա լիճը (ընդունում է 29 գետ, արտահոսում է միայն Հրազդանը), Բայկալ լիճը (ընդունում է 336 գետ, արտահոսում է միայն Անգարան):
Եթե լճից գետ սկիզբ չի առնում, կոչվում է անհոսք, օրինակ՝ Կասպից, Արալյան, Վանա, Կապուտան և այլն: Լիճ մտնող ջուրն իր հետ բերում է լուծված նյութեր: Հոսուն լճերից դրանք հեռացնում են գետերը, ուստի այդ լճերը շատ աղի լինել չեն կարող (Սևան, Բայկալ, Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերը): Մեծ աղիություն ունեն այն լճերը, որոնք անհոսք են, և ջրի ելքը միայն գոլորշիացումն է (Վանա, Բալխաշ, Մեծ Աղի):
 
Անապատներում ու չոր տափաստաններում սփռված բազմաթիվ անհոսք լճերում կուտակված ջուրն ի վերջո գոլորշիանում է, իսկ հատակին մնում է աղը: Որոշ լճերի ջուրն այնքան աղի է, որ բույսեր ու կենդանիներ այնտեղ չեն կարողանում ապրել: Այդ պատճառով Մերձավոր Արևելքում գտնվող այդպիսի աղի լճերից մեկն անվանել են Մեռյալ ծով: Այստեղ հնարավոր չէ ո՜չ լողալ, ո՜չ սուզվել, նույնիսկ կարելի է պառկել ջրի մակերեսին:
 
Երկրագնդի ամենամեծ լիճը Կասպից ծովն է: Անցյալում այն միացած էր օվկիանոսի հետ, այսինքն՝ իսկական ծով էր: Իր հսկայական չափերի և ջրի մեջ լուծված աղերի բաղադրության պատճառով այն հիմա էլ ծով են անվանում:
Երկրագնդի ամենախոր լիճը Սիբիրում գտնվող Բայկալն է, որի միջին խորությունը 730 մ է, առավելագույնը՝ 1620 մ: Բայկալում կուտակված է աշխարհի մակերևութային անուշահամ ջրերի ողջ պաշարի 1/5-ը:
Լճերի են նման նաև մարդու ստեղծած արհեստական ջրավազանները, ինչպես, ասենք, Կարապի կամ Երևանյան լճերը: Դրանցից են նաև գետակների ամբարտակման հետևանքով առաջացած փոքր լճերն ու ջրառատ գետերի վրա կառուցված ջրէկների բարձր ամբարտակների առջև գոյացած վիթխարի ջրամբարները:
Մեծ է լճերի տնտեսական նշանակությունը: Դրանք առաջին հերթին ջրի աղբյուր են քաղաքներին ու բնակավայրերին խմելու ջուր մատակարարելու և ոռոգման համար: Խոշոր լճերն օգտագործվում են նաև տրանսպորտային, ձկնորսական նպատակներով: Շատ լճերից արդյունահանվում է աղ:
Մեծ լճերը զգալի ազդեցություն են գործում շրջապատի կլիմայի վրա: Լճափերը զբոսաշրջության և հանգստի կարևոր գոտիներ են:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: