Հանրագիտարան

Լազերներ

Լազերը կամ օպտիկական քվանտային գեներատորն արձակում է վառ լույսի նեղ փունջ:

Լույսը սովորաբար տարբեր գույների ճառագայթների խառնուրդ է, սակայն լազերի լույսը միագույն կամ, ինչպես ասում են, մեներանգ է: «Լազեր» բառը հապավում է՝ կազմված անգլերեն (L)ight (A)mplification by (S)timulated (E)mission of (R)adiation (լույսի ուժեղացում հարկադրական ճառագայթման միջոցով) արտահայտության սկզբնատառերից: Լազերները լայնորեն կիրառվում են ամենօրյա կյանքում: Դրանք վերարտադրում են պնակիտների (CD) վրա ձայնագրված երաժշտությունը, մեծ հեռավորությունների վրա հաղորդում են հեռախոսային ազդանշաններ, ստեղծում եռաչափ պատկերներ՝ հոլոգրամներ:

Լազերի լույսի ճառագայթի փունջն անհամեմատ ավելի նեղ է սովորական էլեկտրական լամպի լույսից և կազմված է ընդամենը 1 երկարության ալիքից, այսինքն մեներանգ է: Բացի այդ, լազերային ճառագայթում լուսային ալիքները շարժվում են միմյանց համաժամանակ (սինքրոն): Մինչդեռ սովորական լույսի ալիքները շարժվում են անկանոն իմպուլսներով:
 
Ինչպես են գործում լազերները
 
Լազերների մի տեսակում օգտագործվում են բյուրեղներ, մյուսներում՝ գազով կամ հեղուկով լցված խողովակներ: Էլեկտրական պարպման կամ վառ լույսի բռնկման միջոցով լազերների նյութի ատոմներին հաղորդվում է լրացուցիչ էներգիա, որի հետևանքով ատոմների մի մասը ճառագայթում է լույս և ստացած էներգիան վերադարձնում: Ճառագայթված լույսը, իր հերթին, խթանում է ատոմերի մեկ այլ խմբի՝ լուսային ալիքներ ճառագայթելու և իրենց էներգիան վերադարձնելու համար, և այդպես շարունակ:
Լազերի 2 ծայրերում տեղադրված հայելիները լույսի ճառագայթն անդրադարձնում և ստացված 2 ճառագայթն ուղղում են միմյանց ընդառաջ, որի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով ատոմներ սկսում են լուսարձակել: 2 հայելիներից մեկը լույսն ամբողջապես չի անդրադարձնում. լույսի մի մասն այդ հայելու միջով դուրս է բերվում և, ըստ լազերի տեսակի, օգտագործվում է կա՛մ մշտական ճառագայթի, կա՛մ կարճ իմպուլսների ձևով: Երբեք չի կարելի անզեն աչքով նայել ուղիղ լազերի ճառագայթին, որովհետև դրանից աչքերը վնասվում են, և մարդ կարող է նույնիսկ կուրանալ:
 
Լազերների կիրառությունը
 
Հանրախանութներում լազերները հաճախ օգտագործում են գնված ապրանքների վրա փակցված ծածկագրերով գները դրամարկղում հաշվելու համար: Լազերի ճառագայթը ծածկագրի շերտերից անդրադառնում է էլեկտրական ազդանշանի փոխարկված իմպուլսներով, որոնք հաշվարկում է դրամարկղի սարքը:
Լազերի օգնությամբ բժիշկները կատարում են աչքի բարդ վիրահատություններ: Եթե աչքի լուսազգայուն բջիջներ պարունակող մասը՝ ցանցաթաղանթը, շերտազատվում է, ապա լազերը կիրառվում է այն նորից տեղն «ամրացնելու» համար: Լազերի օգնությամբ բժիշկները նաև այրում, ոչնչացնում են որոշ տեսակի քաղցկեղային բջիջներ ու խալեր: Ռազմական կայանքներում լազերներն ուղղորդում են հրթիռները դեպի նախապես տրված թիրախը, իսկ գործարաններում ու ֆաբրիկաներում հզոր լազերն օգտագործում են մետաղ, ապակի և հագուստի գործվածք կտրելու համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: