Հանրագիտարան

Ավտոմատացված համակարգեր

«Ավտոմատոս» հին հունարեն բառը նշանակում է «ինքնուրույն գործող», ինքնաշխատ:

Ավտոմատացված համակարգերը մեզ շրջապատում են ամենուրեք, և մենք վաղուց արդեն վարժվել ենք այդ խելացի սարքերին: Ավտոմատները հետևում են անվտանգ երթևեկությանը, կառավարում գնացքներն ու օդանավերը, թռչում Տիեզերք, ճանապարհորդում դեպի Լուսին: Ավտոմատ հաստոցները մշակում են մետաղ ու պլաստմասսա, կտոր են գործում, թողարկում պտուտակներ, կոճակներ, դեղահաբեր, կարկանդակներ, ատամնամածուկի պարկուճներ, լուսանկարչական ժապավենակոճեր և էլի շատ ու շատ բաներ: 

Ավտոմատներն ունեն իրենց «զգայարանները»: Ավտոմատն ակնթարթորեն կանգնեցնում է հաստոցը, երբ «տեսնում է», որ մարդուն վտանգ է սպառնում: 
 
Կան ավտոմատներ, որոնք բարդ հաշվարկներ են կատարում, պատրաստում նախագծեր, գծագրեր: Մարդիկ սովորել են կառուցել կառավարման շատ բարդ ավտոմատ մեքենաներ, ստեղծել են իսկական էլեկտրոնային «ուղեղներ»՝ համակարգիչներ: Դրանք իրենք են հաշվարկում և որոշում, թե ինչը երբ պետք է արվի, որպեսզի լավ աշխատի դոմնային վառարանը կամ էլեկտրակայանը, որպեսզի հրթիռը ճշտորեն վեր սլանա: Եվ դրանք էլ անհրաժեշտ բոլոր հրամաններն են տալիս այլ ավտոմատների, և իրենք էլ ստուգում, թե այդ հրամաններն ինչպես են կատարվում: Կան ավտոմատ թարգմանիչներ, շախմատային և այլ ավտոմատներ,  որոնք կարող են ձեզ հետ շախմատ ու  բազմաթիվ հետաքրքիր խաղեր խաղալ:
 
Ավտոմատ պահակ, վաճառող, բանվոր, հաշվապահ, ճարտարագետ, օդաչու... բոլորն էլ այսօր կան, աշխատում են և օգնում մարդկանց: Այդպիսի ավտոմատները կոչվում են ռոբոտներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: