Առողջապահություն

Ծխախոտի վնասակարության մասին. մեր հյուրն է Դավիթ Պետրոսյանը

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթին աշխարհի շատ երկրներում նշվում է Ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Օրվա առիթով զրուցեցինք բժիշկ-դեղագետ Դավիթ Պետրոսյանի հետ:

 

– Պարոն Պետրոսյան, ի՞նչ ասել է հակածխախոտային պայքար, ինչի՞ դեմ է պայքարն ու ինչպե՞ս է այն իրականացվում:
 
– Սկսեմ այն բանից, որ չեմ սիրում «պայքար» բառը: Երբ այդ պայքարի մեջ ընդգրկված են ծխողները`   կենդանի մարդիկ, իսկ մենք պայքարում ենք ծխելու դեմ, բնականաբար պայքարի օբյեկտը դառնում է հենց մարդը`   ծխողը: Մարդը գտնվում է կախվածության մեջ քիմիական նյութից, որն արդեն քմահաճույք չէ, նիկոտինամոլությունը լուրջ խնդիր է: Դա նշանակում է, որ ծխախոտի դեմ պայքարում պետք է լինել շատ զգույշ, հարգանքով վերաբերվել մարդուն և փորձել օգնել նրան, այլ ոչ թե պարզապես ստիպել հրաժարվել։ Ամբողջ աշխարհում ընդունված է Tobaco control տերմինը, որ նշանակում է ծխախոտի վերահսկողություն:
 
– Ի՞նչ միջոցներով է իրականացվում այդ վերահսկողությունը: Եվ ինչպե՞ս է այն համակարգվում ամբողջ աշխարհում:
 
– Ծխախոտը բավականին երկար պատմություն ունի, իսկ հնում մարդիկ չեն հասկացել, որ դա վնասում է իրենց առողջությանը։ Կյանքի միջին տևողությունն առանց այդ էլ քիչ է եղել, և ծխախոտի անմիջական ազդեցությունը կյանքի տևողության վրա չի ընկալվել: Ժամանակի ընթացքում կուտակվեց ինֆորմացիա ծխախոտի, դրա իրացման և վտանգի մասին: Աստիճանաբար սկսեցին ձևավորվել պայքարի միջոցներ: Մեր ժամանակներում լուրջ ձեռքբերումների հասան 2004 թ.։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվեց «ՙԾխախոտի դեմ պայքարի» կոնվենցիան, որի առաջին 40 անդամներից մեկը եղել է Հայաստանը և ԱՊՀ երկրներից առաջիններից էր, որ ստորագրել է համաձայնագիրը: ԱՀԿ անդամ երկրները`  այդ թվում նաև մենք, մայիսի 31-ը նշում ենք որպես «Առանց ծխախոտի» համաշխարհային օր: Համաձայն կոնվենցիայի կանոնների`   ամեն տարի մասնակից երկրներում ծխախոտի վերահսկողության ոլորտում պետք է որոշակի առաջընթաց գրանցվի։
 
– Ի՞նչ քայլեր են արվել մեզ մոտ`   Հայաստանում:
 
– 2005 թ. Հայաստանում ծխախոտատուփերի վրա շատ մանր տառերով գրված էր, որ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ծխախոտի վնասի մասին, սակայն քաղաքում ամեն քայլափոխի ծխախոտ գովազդող մեծ պաստառներն էին, և ոչ միայն. ծխախոտ էին գովազդում հեռուստացույցն ու ռադիոն:
 
Առաջին հերթին վերացվեցին ծխախոտի գովազդը հեռուստացույցով և ռադիոյով, վերացան փողոցներում ծխախոտ գովազդող պաստառները: Հաջորդ քայլը ծխախոտատուփերի վրա նախազգուշական երկտողի չափսերի մեծացումն էր: Փոխեցինք նաև նախազգուշացման ձևը՝ յուրաքանչյուր տուփի վրա առանձին նշելով, թե ինչ հիվանդություններ կարող է առաջացնել ծխախոտը: Դրանց հաջորդեցին ծխելը արգելելը հասարակական վայրերում, թույլատրվեց ծխել միայն ծխարաններում, իսկ մշակութային, առողջապահական, սպորտային, կրթական հաստատություններում առհասարակ արգելվում է ծխելը:
 
– Ո՞րն է հաջորդ քայլը, որ պետք է արվի:
 
– Կարծում եմ փոփոխություն կլինի ծխախոտատուփերի վրա: Գրվածքի փոխարեն կտեղադրվեն ազդեցիկ նկարներ`   հաշմանդամի, անդամալույծի, որոնք ավելի ակներև ցույց կտան, թե ինչ կարող է անել ծխախոտը մեր առողջության հետ:
 
– Բացի ԱՀԿ-ի ընդունած համաշխարհային օրվանից, էլ ի՞ն չ օրեր են նշվում աշխարհում որպես հակածխախոտային պայքարի միջոց:
 
– ԱՀԿ-ին միանալուց կարճ ժամանակ անց Հայաստանում ընդունվեց օրենք`   ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին: 2008 թ. ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: Իսկ ԱՄՆ-ում «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր» է նշում ամեն տարվա նոյեմբերի 3-րդ հինգշաբթին: Ի դեպ, ԱՄՆ-ն այս օրը նշում էր մինչև ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին ԱՀԿ որոշումը: ԱՄՆ-ի ընդունած ազգային օրը հետզհետե միջազգային բնույթ է կրում, և շատ երկրներ նույնպես սկսում են նշել այդ օրը որպես ծխախոտի դեմ պայքարի օր: Օրը կոչվում է «National smock out day»:
 
– Ի՞նչ առաջընթաց եք նկատում Հայաստանում:
 
– Առաջին վիճակագրական տվյալներով՝ 15-65 տարեկան տղամարդկանց շրջանում ծխում էր 73%-ը, ուղիղ 7 տարի հետո այս թիվը նվազեց 10%-ով: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ մինչև նվազման թիվը չլինի 30 և ավելի տոկոս, արդյունքը նկատելի չի լինի: Մի կարևոր բան եմ նկատում հասարակության մեջ, որն, ըստ իս, մեծ առաջընթաց է մեր երկրի համար. մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը ծխախոտի, ծխողների հանդեպ: Շատ կարևոր մի փաստ. մարդիկ սկսել են գիտակցել, որ տուժում է նաև պասիվ ծխողը: Ավելի տեղեկացված են դարձել այս ոլորտում, պահանջում են չծխել հասարակական վայրերում, կարևորում են կյանքի որակը:
 
– Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս ավելի նպատակային վերահսկողություն սահմանել ծխախոտի իրացման ու սահմանափակման հարցում:
 
– Խորհուրդ կտայի այս շարժման, գործունեության մեջ ներգրավել հասարակական կազմակերպություններին: Պետք է շատ խոսել ծխախոտի վնասի մասին և չսահմանափակվել եղած գիտելիքներով: Երեխաներն առաջին անգամ այս մասին պետք է տեղեկացվեն դեռ դպրոցում: Անգամ պետական ծրագիր կա`   դպրոցներում դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ: Այս ամենը լավագույն մասնագետների ներգրավում և հստակեցում է պահանջում: Դեռահասներին պետք չէ վախեցնել, որ, առողջությանը վնաս կհասցվի 30 տարի անց, հավատեցեք`   դա ապարդյուն միջոց է: Ավելի խորը և համոզիչ աշխատանք է պետք յուրաքանչյուր տարիքային խմբում`   շեշտը դնելով համապատասխան վնասների և նախազգուշացումների վրա: Շատ արդյունավետ միջոց է հայտնի մարդկանց օրինակներ բերելը, ովքեր հաջողության են հասել առանց ծխախոտի:
 
– Կա տարածված կարծիք, թե ծխելն ավելի շատ սովորություն է, և շատերը թերահավատ են, որ այն իսկապես հիվանդություն է:
 
– Նիկոտինից կախվածությունը շատ լուրջ հիվանդություն է: Հազվագյուտ մարդիկ կան, ովքեր ամբողջ կյանքում ծխել են և հստակ գիտեն իրենց չափաբաժինը`   օրական 3-5 հատ, սա պարադոքս է, որովհետև հիմնականում մարդիկ ծխում են օրական 1-2 տուփ:
 
– Իսկ ի՞նչ կասեք էլեկտրական ծխախոտների մասին, արդյո՞ք արդյունավետ են դրանք:
 
– Հիմարություն են : Դրանք պարունակում են նիկոտին, չեն պարունակում խեժ, իսկ հենց նիկոտինն ունի վնասակար ազեցություն և հենց նիկոտինն է կախվածություն առաջացնում: Պարզապես չեն վնասում շրջապատին, ծխողը մնում է կախման մեջ ու շարունակում վնասել իր առողջությանը:
 
– Եզրափակելով զրույցը… Մենք գիտենք, որ նոր նախագիծ ունեք, պարոն Պետրոսյան, կապված առողջապահության հետ: Կներկայացնե՞ք:
 
– Մենք ստեղծել ենք պրոդյուսերական կենտրոն, որը կոչվում է «Health media», այսինքն՝ առողջության հետ կապված քարոզչություն ԶԼՄ-ների միջոցով: Սա կլինի ավելի գիտակցված ու արդյունավետ քարոզչություն: Արդեն իսկ ունենք տարբեր հաղորդումներ մի քանի առաջատար հեռուստաընկերություններում, սակայն «Health media»-ն կաշխատի բոլոր հեռուստաալիքների հետ, ովքեր ունեն առողջապահական հաղորդում: Նպատակային քարոզչություն կիրականացվի: Օրինակ՝ եթե աշուն է, լայն տարածում ունի հարբուխը կամ որևէ այլ վարակ, հաղորդման ընթացքում լավագույն մասնագետները կխոսեն այդ մասին, կփորձեն ուղղորդել մարդկանց, ճիշտ գնահատական տալ իրավիճակին: Սա մասշտաբային բնույթ կկրի, նյութերը կտեղադրվեն նաև կայքերում, ամսագրերում: Այսպիսով մենք կտեղեկացնենք մարդկանց առողջապահության ոլորտում շատ կարևոր դրույթների, նոր ու արդյունավետ դեղամիջոցների մասին, կզրուցենք ամենատարբեր հիվանդություններից, այսպիսով, բարձրացնելով մարդկանց իրազեկվածության աստիճանն առողջապահության ոլորտում, որն այնքան կարևոր է մեր օրերում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: