Առողջապահություն

ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է: Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի, ողնաշարի և ներքին այլ օրգանների հիվանդությունների հետազոտման մեջ: ժամանակակից ախտորոշման այս և այլ մեթոդներ է առաջարկում «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը, որի առիթով մենք զրուցեցինք ընկերության բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ:

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել «Ուլտրաիմիջինգի» ստեղծման գաղափարը:

 
–   Ինքս կրթությամբ բժիշկ-ռադիոլոգ եմ։ Դեռևս ուսանողական տարիներից, երբ մեր հայրենակից  Ռայմոնդ Դամադյանը 80-ականներին ժամանեց Հայաստան ու մեր բուհում, մագնիսական ռեզոնանսային մեթոդին վերաբերող դասախոսություն կարդաց, ինձ համար պարզ դարձավ, որ մասնագիտանալու եմ հենց այդ ուղղությամբ:1989 թ. բուհն ավարտելուց հետո փորձեցի աշխատանքի տեղավորվել: Դեռ այն տարիներին կար ժամանակակից սարքավորում`   ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆ։ Սարքավորումը Հայաստան էր բերվել երկրաշարժից հետո: Մեթոդը ստիպեց խորանալու և ձեռք բերելու անատոմիական գիտելիքների մեծ պաշար, որը ստացա անատոմիայի ամբիոնում 3 տարվա աշխատանքային փորձով, իսկ ավելի ուշ ախտաբանական անատոմիայի բնագավառում պաշտպանեցի ատենախոսական թեզ: Ստանալով ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի ոլորտում աշխատելու անհրաժեշտ գիտելիքներ, 1994 թ. ամբողջովին նվիրվեցի իմ սիրած աշխատանքին։ Կենտրոնում աշխատելու տարիներին`   1996 թ. Հայաստան ներկրվեց մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ։ Այդ առիթով ինձ ուղարկեցին վերապատրաստման ԱՄՆ, ապա Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և Վիենա: Այդ ժամանակից ի վեր սկսվեց տոմոգրաֆի շահագործումը Հայաստանում: 2005 թ. ես ստացանք մեկ այլ կոմերցիոն առաջարկ, որն առիթ դարձավ հիմնել «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշման կենտրոնը:
 
–   Ի՞նչ ծառայություններ է տրամադրում կենտրոնը:
 
–   Մասնագիտացել ենք ռենտգեն-համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բնագավառում: Երկու ախտորոշման մեթոդների, ինչպես նաև ուլտրաձայնային տարբեր հետազոտությունների  հնարավորութունը բարձրացնում է արդյունավետությունն այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Կենտրոնը երաշխավորում է անոթային ախտահարման, չարորակ ուռուցքների, ներքին օրգանների ախտաբանական փոփոխությունների, վնասվածքների և հոդերի հիվանդությունների ախտորոշման բարձր մակարդակ:
 
–   Ինչպե՞ս է տեղի ունենում հիվանդների ընդունումը  և սպասարկումը:
 
–   Մեր կենտրոն հիմնականում հիվանդները դիմում են բժշկի կողմից խորհրդատվություն ստանալուց հետո, երբ որակյալ գերժամանակակից ախտորոշման արդյունքերը ձեռքի տակ ունենալը դառնում է հույժ կարևոր: Կատարում ենք պետպատվերի շրջանակներում ծառայություններ, մասնակցում Երևանի Քաղաքապետարանի և Զինված ուժերի սպասարկման համար հայտարարված տենդերներին:  Մեր ընկերությունը հավատարմագրված է նաև մի քանի դեսպանատների և օտարերկրյա կազմակերպությունների կողմից: Մեզ հաճախ են դիմում հարևան երկրի`   Վրաստանի քաղաքացիները։ Բանը նրանում է, որ Վրաստանը նույնպես ապահովված է գերժամանակակից սարքավորումներով: Այստեղ խոսքն արդեն վերաբերում է որակյալ մասնագետներին։
 
–   Ինչո՞վ է առանձնանում «Ուլտրաիմիջինգը»:
 
–   Մեր ընկերությունն ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջին հերթին՝ թիմային գործելաոճն է, որ ստիպում է բոլորին նվիրվել գործին և մեկ-մեկու: Այստեղ թերանալն աշխատանքում, անուշադրությունը հիվանդի հանդեպ դառնում է անհնար, իսկ ծառայության մատուցման բարձր մակարդակն անվերապահորեն ապահովված է։
 
Հաջորդ առանձնահատկությունը. բոլոր ախտորոշման եզրակացությունները կայացվում են կոնսիլիումի հիման վրա: Դա բարձրացնում է ախտորոշման որակը, հնարավորինս նվազեցնում  սխալվելու վտանգը, օգնում սկսնակ մասնագետներին`   ձեռք բերելու մասնագիտական փորձ: 
 
Եվս մեկ առանձնահատկություն. մեր բժիշկները տարեկան մեկ անգամ անցնում են վերապատրաստման դասընթաց, ծանոթանում իրենց մասնագիտական ոլորտի նորություններին: Մեր ընտրած ուղղությունն անընդհատ զարգացող է և արագ է առաջ ընթանում, հենց այդ առումով էլ պետք է օգնել մասնագետներին`   իրենց իմացությամբ ու գիտելիքներով բավարարելու ժամանակի պահանջներին։
 
–   Որտե՞ղ են վերապատրաստվում Ձեր մասնագետները:
 
–   Մեր անձնակազմը հնարավորություն չունի մեր երկրում վերապատրաստվելու, քանի որ հենց մեր մասնագետները, լինելով ռադոլոգիայի ամբիոնի աշխատակիցներ, այս ոլորտում բազային վերապատրաստման դերակատարում ունեն: Անգամ Ռուսաստանում վերապատրաստումն արդյունավետ չի համարվում մեր ժամանակներում և մեր մասնագետները վերապատրաստվում են եվրոպական երկրներում, որտեղ օրեցօր են զարգանում այս մեթոդները:
 
–   Ի՞նչ նպատակներ ունի կենտրոնը`   կապվաժ ծառայությունների ընդլայնման հետ:
 
–   Նախատեսվում է նոր մեթոդների ներդրում, ավելի հզոր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի ներկրում, որը կունենա բուժական միջամտության անցկացման հնարավորություն: Նախատեսվում է նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքավորման ներկրում՝ հիվանդների ավելի լայն շրջանի սպասարկման համար:
 
–   Մեր ավանդական հարցը. ի՞նչ կարգախոսով է առաջ շարժվում «Ուլտրաիմիջինգը»:
 
–   Թիմային մոտեցում. դա այն է, ինչով տարբերվում ենք նմանատիպ կենտրոններից: Այստեղ աշխատում է թիմ: Դա շատ բան է փոխում:  Մեզանից յուրաքանչյուրը կրում է իր գործընկերոջ և իր աշխատանքի առաջ պատասխանատվություն: Հիվանդին մենք ընդունում ենք որպես հարազատի:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: