Առողջապահություն

Բժիշկ-արվեստագետ. մեկ դար... մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ նրբանցքներում ու փակուղիներում միայն երբեմն կարելի է հանդիպել հին Երևանին բնորոշ շինությունների։ Ընդ որում խոսքը չի վերաբերում միայն մանր-մունր, իրար կռթնած հողաշեն տներին, այլ նաև ժամանակին Երևանի ճարտարապետական ինքնատիպությունն ապահովող կառույցներին։ Օր օրի նոսրանում են նաև հին երևանցիների շարքերը

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ նրբանցքներում ու փակուղիներում միայն երբեմն կարելի է հանդիպել հին Երևանին բնորոշ շինությունների։ Ընդ որում խոսքը չի վերաբերում միայն մանր-մունր, իրար կռթնած հողաշեն տներին, այլ նաև ժամանակին Երևանի ճարտարապետական ինքնատիպությունն ապահովող կառույցներին։ Օր օրի նոսրանում են նաև հին երևանցիների շարքերը

 
Այսօրվա և վաղվա մարդիկ միայն հուշագրություններից կամ քիչ թվով պահպանված լուսանկարներից ու ժապավեններից կարող են կարծիք կազմել այն քաղաքի մասին, որի այգիներում խրախճանքի է նստել Եղիշե Չարենցը, որի բեմերում արվեստի գլուխգործոցներ են կերտել Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, որի զարկերակը կազմող Աբովյան փողոցով ճեմել են մեծն Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Մինաս Ավետիսյանը...
 
Բժիշկ Մարգարիտա Շահինյանը այն եզակիներից մեկն է, որոնք ոչ միայն տեսել են հին Երևանն ու երևանցիներին, այլ ինչ-որ չափով դարձել նրա յուրօրինակ կենսագիրը։ Նա ուղիղ հարյուր տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ։ Ծնվել է Թիֆլիսում, և 1925 թ. ապրում է Երևանում։
 
Մենք չենք խոսի նրա աշխատանքային գործունեության մասին, թեպետ այն բազմաբեղուն է։ Փոխարենը ցանկանում ենք ամսագրի ընթերցողներին ներկայացնել Մարգարիտա Շահինյանի լուսանկարներից մի քանիսը։ Իսկ լուսանկարչությամբ նա զբաղվել է գրեթե ամբողջ կյանքում։ Նրա բնակարանի պատերը ասես շնչում են հին Երևանի բույրով, իսկ ամենակարևորը`   նա հրաշալի հիշում է յուրաքանչյուր նկարի պատմությունն ու տարեթիվը։ Այդ նկարների շարքում են ժամանակի նշանավոր արվեստագետների ու գիտնականների ինքնատիպ դիմանկարներ։ Շրջանակների միջից բժշկուհու հյուրերին ժպտում են դերասանուհի Արուս Ասրյանը, երգիչ Հովհաննես Բադալյանը, երգահան Արտեմի Այվազյանը և ուրիշներ։ Նրա լուսանկարների հերոսներից են նաև տարբեր զբաղմունքի տեր հասարակ մարդիկ և ամենակարևորը`   երեխաները։
 
Մ. Շահինյանի համար լուսանկարչությունը զուտ սիրողական զբաղմունք չի եղել։ Բժշկությանը զուգահեռ, որպես լուսանկարիչ, նա թղթակցել է «Առողջապահություն», «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսներին և «Ավանգարդ», «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն», «Պիոներ կանչ» թերթերին։ Տիկին Մարգարիտան լըրջորեն զբաղվել է նաև գրական-գեղարվեստական ստեղծագործությամբ։ Գրել է մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական մանրապատումներ, բժշկական գիտահանրամատչելի հուշաթերթիկներ։ Նրա ռադիոպիեսները հաջողությամբ բեմադրվել և հաղորդվել են ռադիոթատրոնով, պատմվածքներն ու բանաստեղծությունները տպագրվել են տարբեր հանդեսներում։
 
Նրա մարդկային նկարագրի մասին շատերն էին պատմել։ Լսել էինք, որ հետաքրքիր զրուցակից է, բարեհամբույր, սիրալիր ու հյուրասեր անձնավորություն։ Մեր այցելության ժամանակ հենց այդպիսին էլ տեսանք 100-ամյա բժիշկ արվեստագետին։ Նա ոգևորված պատմում էր հին Երևանի, իր լուսանկարների հերոսների մասին։ Միայն փոքր-ինչ դժգոհում էր, որ վերջին շրջանում տեսողությունը դավաճանում է, որի պատճառով չի կարողանում ստեղծագործել…
 
Մեր խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է բժշկուհի, գրող և լուսանկարիչ Մարգարիտա Շահինյանի 100-ամյա հոբելյանը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: