Առողջապահություն

Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ Պավել Անանիկյանը:

- Պարոն Անանիկյան, ասում են Դուք լավ գիտեք Ձեր տոհմածառը, չսկսե՞նք այդտեղից:

- Ծնվել եմ տոհմիկ մտավորականի ընտանիքում: Համենայն դեպս, վստահ գիտեմ, որ վերջին 300 տարում իմ նախնիները եղել են մտավորականներ, հիմնականում բժիշկներ, նաև նկարիչներ, գրողներ...
 
- Վաղո՞ւց եք նկարում և երազե՞լ եք դառնալ իսկական նկարիչ:
 
Նկարել եմ փոքր հասակից, սակայն երբեք նկարչություն չեմ սովորել ու երբեք էլ չեմ երազել նկարիչ դառնալու մասին: Փոխարենը երազել եմ վիրաբուժության մասին ու կարող եմ ասել, որ իմ ամենամեծ երազանքն իրականացրել եմ: Քիչ մարդիկ կան, որ կարող են այսպես արտահայտվել իրենց մասին, բայց ես, կարծում եմ, դրա իրավունքն ունեմ, որովհետև ոչ բոլոր վիրաբույժներին է բախտ վիճակվում իրենց կատարած վիրահատությունների թիվը հասցնելու տասնյակ հազարների... Իսկ ավելի լրջորեն սկսել եմ նկարել 50 տարեկանից: Մի անգամ ընկերներով գնացել էինք Ուրցաձոր: Բնական է, որ բոլորի պես որոշեցինք խորոված պատրաստել: Իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում: Ու մինչ ընկերներս զբաղված էին կրակ վառելով, ես մի քիչ զբոսնեցի ու մեզանից ոչ հեռու հանդիպեցի մի մարդու, որը նստած նկարում էր: Այդ նկարիչը Լևոն Թադևոսյանն էր, որի հետ անմիջապես ծանոթացա ու սկսեցի դիտել նրա աշխատանքը: Որոշ ժամանակ անց նա ինձ առաջարկեց նույնպես փորձել նկարել: Լևոնն ինձ համոզում էր, որ դա այդքան էլ դժվար բան չէ, և կյանքում առաջին անգամ համարձակվեցի յուղաներկով նկարել: Այդ բնանկարը մինչև օրս էլ իմ աշխատասենյակում է: Նկարելն ինձ այնքան դուր եկավ, որ Երևան վերադառնալուց հետո Լևոնի օգնությամբ գնեցի անհրաժեշտ բոլոր պարագաներն ու ողջ ազատ ժամանակս սկսեցի նվիրել նկարչությանը: Իհարկե, ազատ ժամանակ քիչ ունեի, բայց հարազատներս այնքան էին ոգևորում ինձ, որ ստիպված էի անվերջ աշխատել: Հետաքրքիրն այն է, որ ինձ հետ միաժամանակ նկարել սկսեց նաև թոռնիկս:
 
- Ի՞նչ եք սիրում նկարել:
 
Եթե բավարար մասնագիտական գիտելիքներ ունենայի, գուցե դիմանկարներ նկարեի: Սակայն դիմանկարներ կերտելու համար նախ և առաջ պետք է պրոֆեսիոնալ արվեստագետ լինել, իսկ ես ընդամենը ինքնուս նկարիչ եմ: Սիրում եմ նկարել բնանկարներ, հատկապես Արարատը:
 
- Իսկ ի՞նչ եք անում Ձեր նկարները:
 
- Իմ նկարները հիմնականում ինձ հետ են: Շատ հազվադեպ նաև նվիրում եմ`   իհարկե շատ մեծ դժվարությամբ: Բնական է, որ վաճառելու մասին խոսք անգամ լինել չի կարող:
 
- Ե՞րբ եք նկարում:
 
Հատկապես սիրում եմ նկարել բարդ վիրահատություններից հետո, երբ ամեն ինչ հաջողվում է, և բարձր տրամադրությամբ փորձում եմ ստեղծագործել: Երբեմն այդ նկարների էսքիզները ուրվագծվում են հենց վիրահատության ժամանակ (իհարկե մտքիս մեջ): Նկարելու ընթացքում սովորաբար չեմ խոսում. լռում եմ ու մտածում: Երբեմն էլ մտքումս ծնված խոհերը ցանկություն եմ ունենում թղթին հանձնելու: Այդպես սկսեցի նաևգրել...
 
Հիմնականում նկարում եմ բավականին արագ: Կան գործեր, որոնք նկարելեմ մի քանի րոպեների ընթացքում:Սակայն լինում են դեպքեր, երբ տարիներով չի հաջողվում ավարտել կտավը: Երբեմն էլ նկարը մտքում պատկերացնում եմ, բայց չեմ կարողանում վերարտադրել. կյանք է, այդպես էլ է լինում...
 
- Ո՞ւմ կարծիքն է Ձեզ համար ամենակարևորը:
 
Միանշանակ կարող եմ ասել`   կնոջս: Եթե նրան դուր է գալիս, ես ուրախանում եմ: Ճիշտ է`   նկարում եմ ինձ համար, սակայն շատ թանկ է նաև կնոջս կարծիքը:
 
- Մասնակցե՞լ եք որևէ ցուցահանդեսի:
 
Այո', իհարկե' մասնակցել եմ, այն էլ բազմիցս և արժանացել եմ նաև բազմաթիվ մրցանակների: Նշեմ, որ առաջին իսկ ցուցահանդեսից հետո ինձ ընդունեցին նկարիչների միության անդամ: Կան բազմաթիվ նկարիչներ, որոնք տիրապետում են նկարչական հրաշալի տեխնիկայի, սակայն նրանց անունները աշխարհին հայտնի չեն: Կարծում եմ, որ լավ նկարելու համար պետք է ոչ միայն լավ տեխնիկա ունենալ, այլև վառ երևակայություն: Պետք է կարողանալ նաև արժեքավոր կոմպոզիցիաներ ստեղծել: Ինձ հաճախ են ասում, որ կոմպոզիցիաներս ինքնատիպ են, բայց միաժամանակ նրբանկատորեն լռում են ոչ կատարյալ տեխնիկայիս մասին...
 
- Այնուամենայնիվ երբեք չե՞ք մտածել միայն նկարչությանը նվիրվելու մասին:
 
Ո'չ, արդեն ասացի, որ այդ գայթակղությանը չեմ տրվում. ես ինձ դասում եմ այն երջանիկ մարդկանց թվին, որոնք զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Ես իրոք շատ եմ սիրում վիրաբուժությունը և կրկնում եմ`   երջանիկ եմ, որ վիրահատում եմ, որ օգնում եմ մարդկանց. դա ինձ համար ամենամեծ հաճույքն է, ու երազանքս է, որ դեռ երկար տարիներ կարողանամ շարունակել իմ մասնագիտական ուղին: Առանց վիրաբուժության ես ինձ չեմ պատկերացնում: Կարծում եմ, որ վիրաբուժությունը նույնպես արվեստ է, ու քանի դեռ վիրահատում եմ, ուրեմն նաև ստեղծագործում եմ, ուրեմն նաև... երջանիկ եմ...
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: