Առողջապահություն

Սեմինար` «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով

«Մեդասիստ» բժշկական կենտրոնը դեկտեմբերի 15-ին Հայ օգնության ֆոնդի, «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եւ Երևանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար`   «Ամբուլատոր բժշկության ընտրյալ հիմնահարցերը» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ-ի Ընտանեկան բժշկության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Մարինա Օհանյանը, ով ներկայացնում է նաեւ Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը: Նա նշեց, որ իրենք ուրախությամբ աջակցում են այն նախաձեռնություններին, որոնք կապված են շարունակական բժշկական կրթության հետ, առանձնանում են իրենց պրոֆեսիոնալիզմով ու բժշկական օգնության առումով որակ են ապահովում: Մ. Օհանյանը խրախուսեց մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների մասնակցությունը սեմինարին: Սեմինարի մասնակիցներին հեռուստակամուրջի միջոցով ողջունեց նաեւ «Մեդասիստ» բուժկենտրոնի պաշտոնական գործընկեր Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան`   Գերմանիայից:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հինգ դասախոսություններ հետեւյալ թեմաներով.

«Միոկարդիտ: Ժամանակակից մոտեցում»,
«Գոտկացավի վարման կլինիկական սկզբունքները»,
«Հոդային համախտանիշի տարբերակիչ դիագնոստիկան»,
«Հակաբակտերիալ թերապիայի մարտավարություն`   կարծրատիպերը եւ իրականությունը»,
«Կարպալ թունելի համախտանիշի տարբերակիչ ախտորոշում եւ բուժում»: 
 
Ինչպես նշեց սեմինարի կազմխորհրդի նախագահ, ԵՊԲՀ-ի հետբուհական եւ շարունակական կրթության ամբիոնի ասիստենտ Հարություն Մանգոյանը,  սեմինարի հիմնական նպատակն է օգնել պոլիկլինիկաներում ածխատող բժիշկներին`   տեղում որոշումներ ընդունելու:
 
Դասախոսություններն ընդմիջվում էին բժիշկ-մասնագետների հետ բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ: 
 
Հարություն Մանգոյանը մեզ հետ զրույցում պատմեց սեմինարի կարեւորության ու նպատակների մասին:
 
–  Կմանրամասնե՞ք միջոցառման նպատակը:
 
–  Ինչպես արդեն ասացի, սեմինարի նպատակն է օգնել ամբուլատոր բժշկին որոշումներ ընդունել, այսինքն`   տալ այն տեղեկատվական բազան, որը համարվում է արդի, հիմնված է արձանագրային բժշկության վրա, այդպես կօգնենք բժշկին տեղում կողմնորոշվել, քանի որ ամբուլատոր օղակն այն օղակն է, որն առաջինն է շփվում հիվանդի հետ, ուստի պոլիկլինիկայում աշխատող մասնագետների կայացրած որոշումներից շատ բան է կախված:
 
–  Ի՞նչ կտա սեմինարը  հիվանդին:
 
–  Սեմինարը կօգնի բժշկին մասնագիտացված ճիշտ կողմնորոշում կայացնել`   երբ ուղղորդել հիվանդին կլինիկաներ, և հիվանդն անտեղի չի հայտնվի ստացիոնարում`   արդյունքում ամբուլատոր պայմաններում ստանալով արդիական մոտեցումներով արդյունավետ բուժում 
 
–  Այսպիսի սեմինար առաջի՞ն անգամ եք անցկացնում:
 
–  Այո՛, առաջինն է նաեւ այն առումով, որ ոչ մի դեղագործական ընկերություն չի մասնակցում ու չի հովանավորում սեմինարը, այսինքն`   ոչ մի կախվածություն չկա որեւէ ընկերությունից, իսկ դա շատ կարեւոր է:
 
Սեմինարի ավարտին բոլոր բժիշկ-մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Հ. Մանգոյանը, ամփոփելով սեմինարը, կարևորեց նաև այն փաստը, , որ մասնակիցներն իրենց հետ տարան դասախոսությունների գրավոր տարբերակները՝ որպես օժանդակ նյութեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: