Առողջապահություն

Գիտաժողով` նվիրված Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին

Դեկտեմբերի 11-ին`   «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» դեղագործական ընկերության հովանավորությամբ, կայացավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի 80-ամյակին նվիրված գիտա-գործնական գիտաժողովը`   «Մանկաբարձության ու գինեկոլոգիայի հրատապ խնդիրները» թեմայով:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի Մանկաբուժության, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի նեոնատոլոգիայի բաժնի վարիչ, Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ պրոֆ. Տատյանա Զնամենսկայան, Վրաստանի «Պտղի բժշկության հիմնադրամ»-ի նախագահ, Պերինատալ բժշկության համաշխարհային ասոցիացիայի վարչության անդամ բ.գ.դ. Ալեքսանդր Պապիտաշվիլին, Թբիլիսիի ընտանեկան բժշկության բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի ղեկավար բ.գ.դ. Գ. Տվլտվաձեն, Բժշկական գենետիկայի և պրենատալ ախտորոշման միջշրջանային կենտրոնի գլխավոր բժիշկ, Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ պրոֆ. Նիկոլայ Վերոպոտվելյանը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆ. Կ. Առուստամյանը և մի շարք այլ մասնագետներ:

Հայ մասնագետներն իրենց գիտական և պրակտիկ գործունեության իրենց փորձով կիսվեցին արտասահմանյան գործընկերների հետ`   միաժամանակ տեղեկանալով նրանց հասած հաջողություններին ու վերջին նորություններին:
 
Ուկրաինայի Պրենատալ բժշկության ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Վերոպոտվելյանը մեզ հետ զրույցում պատմեց իր զեկույցների արդիականության մասին. «Ես այսօր հանդես կգամ երկու զեկույցով, որոնցից առաջինը վերաբերում է հղիության 11-14 շաբաթ ժամկետում բնածին արատների գերձայնային պրենատալ ախտորոշման հնարավորություններին: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հղիության ամենավաղ շրջանում հայտնաբերել այնպիսի արատներ, որոնք անհնար էր ախտորոշել նախկինում, կամ`   հնարավոր էր, բայց հղիության շատ ավելի ուշ ժամկետներում : Արագ ախտորոշումը, բնականաբար, բարձրացնում է բուժման արդյունավետությունը, թույլ է տալիս շատ արագ կողմնորոշվել`   ընդհատե՞լ հղիությունը, թե՞`   ոչ: Երկրորդ զեկույցս վերաբերում է պտղի հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին: Սա լուրջ հիվանդություն է, որը վաղ շրջանում չախտորոշելու դեպքում, պտղին կորցնելու հավանականաությունը բարձրանում է դեռևս հղիության ընթացքում: Զեկույցիս նպատակն է. այս հիվանդության ախտորոշման ու բուժման ժամանակակից ուղիների բացահայտումը»:
 
Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ Տատյանա Զնամենսկայայի համագործակցությունը Հայաստանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ նոր չէ: Նա շատ բան ուներ կիսելու իր հայ գործընկերների հետ: Համագործակցության մասին պատմեց մեզ հետ զրույցում:
 
–  Կներկայացնե՞ք Ուկրաինայի Նեոնատոլոգների ասոցիացիայի գործառույթները:
 
–  Ասոցիացիան ունի մոտ 1600 անդամ և 27 մասնաճյուղ: Հիմնական նպատակը մայրերին ու նորածիններին բժշկական օգնության ցուցաբերումն է, հատկապես խոսքը վերաբերում է մինչև մեկ կգ քաշով լույս աշխարհ եկած երեխաներին: Աշխատանքների գլխավոր ուղղություններն են. նորածնային բժշկության ճյուղերի զարգացմանը նպաստելը, նեոնատոլոգիայի ոլորտում բժշկության ներկայիս նվաճումներն ուսումնասիրելը, հասարակության շրջանում նորածնային բժշկության վերաբերյալ գիտելիքների  մակարդակի բարձրացումը և այլն:
 
–  Համագործակցության ի՞նչ եզրեր ունեք հայկական կազմակերպությունների հետ:
 
–  Հայաստանում համագործակցում ենք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ: Համատեղ աշխատանքների թվին կարող եմ դասել այն ամսագիրը, որը պատրաստվում է լույս ընծայել մեր ասոցիացիան, և որի աշխատանքներին մասնակցելու կհրավիրենք մեր հայ գործընկերներին: Նույն կերպ հայկական պարբերականներում հաճախ է տպագրվում մեր կողմից ուղարկված նյութեր: Այսինքն՝ գտնվում ենք տեղեկատվական փոխանակման մշտական գործընթացում: Նման հոդվածների փոխանակումը նպաստում է ոլորտի խնդիրների համատեղ քննարկմանը:
 
–  Ինչպե՞ս կգնահատեք այս ու նմանատիպ գիտաժողովները:
 
–  Նման գիտաժողովների հիմնական առավելությունը փորձի փոխանակումն է: Հայաստանի մասնագետները բավական լուրջ գիտելիքներ ունեն այս ոլորտում և քննարկումները հնարավորություն են տալիս բացահայտել նորն ու փոխանակել ձեռք բերած փորձը:
 
Գիտաժողովի նշանակությունն իբրև փորձի փոխանակման հարթակ ընդգծեց նաև հովանավոր կազմակերպության`   «ԱՍՏԵԼԼԱՍ ֆարմա» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Միքայել Թովմասյանը: «Գիտաժողովի նպատակն էր դժվար ախտորոշվող ու բուժվող հիվանդությունների շուրջ քննարկման ծավալումը, օտարերկրյա բժիշկների ներգրավումն ու մեր բժիշկներին նրանց փորձին ծանոթացնելը: Ու, իհարկե, սա հիանալի հնարավորություն է նրանց փորձին ծանոթանալու համար: Ինչ վերաբերում է մեր դեղագործական կազմակերպությանը, ասեմ, որ ունենք բազմաթիվ դեղամիջոցներ`   կապված հենց այսօր քննարկվող հիվանդությունների բուժման հետ: Հիմնականում խոսքը վերաբերում է «Վիլպրաֆեն» ու «Յունիդոքս սոլյուտաբ» դեղամիջոցներին», - ընդգծեց Միքայել Թովմասյանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: