Հանրագիտարան

Երկրաբանություն

Երկրաբանությունը գիտությունների համալիր է՝ երկրագնդի, մասնավորապես երկարկեղևի կազմի, ֆիզիկական հատկությունների, տեկտոնիկայի, կառուցվածքի, զարգացման պատմության, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման մասին:

Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, Եգիպտոսում: «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը 1657 թ-ին: Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել XVI–XVIII դարերում, իսկ XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ:

Գիտության զարգացմանը զուգընթաց' մայր գիտությունից սերվել են քարագիտությունը, երկրատեկտոնիկան, հնէաբանությունը, շերտագրությունը, հանքաբանությունը, երկրաքիմիան, երկրաֆիզիկան և այլն: Երկրաբանական գիտության զարգացման գործում իրենց ավանդն են ներդրել Ա. Վեռները, Ու. Սմիթը, Ն. Բոուեն, Հ. Հեսը, Հ. Աբիխը, Կ. Պաֆենհոլցը, Ի. Շչուկինը և այլք:
ՀՀ-ում երկրաբանական առաջին ուսումնասիրությունները սկսվել են XIX դարի սկզբից, իսկ ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարվեցին 1945 թ-ից հետո (Դ. Ղամբարյան, Տ. Ջրբաշյան, Ա. Գաբրիելյան, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Կ. Կարապետյան և այլք:)
 
Երկրաբանները կատարում են ապարների ֆիզիկաքիմիական հետազոտություն և հանքաբանողական աշխատանքներ:
Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ Երկրագնդի տարիքը 4,6 մլրդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3,5 մլրդ տարի: Նրանք բացահայտել են նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երեվույթների ժամանակն ու հաջորդականությունը: Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4,5 մլրդ տարի առաջ:
Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային օվկիանոսը: Արխեյի ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է: Կյանքն սկսվում է արխեյից: Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան դարաշրջանները: Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում: Ակներև է, որ երկրակեղևի ձևավորման սկզբից մինչև մեր օրերն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: