Հանրագիտարան

Վեչելլիո Տիցիան

Իտալացի նկարիչ Վեչելլիո Տիցիանը ծնվել է 1488 թ.-ին: Բարձր և Ուշ Վերածննդի դարաշրջանների վենետիկյան դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է: Մշակել է նոր տեխնիկա, որը մեծապես նպաստել է համաշխարհային գեղանկարչության զարգացմանը:
Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ: Մոտ 1508թ. Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը:
 
Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506թ.), Ֆեռարայում (1516 և 1523թթ.), Մանտուայում (1536–37թթ.), Ուրբինոյում (1542–44թթ.), Հռոմում (1545–46թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550– 1551թթ.): Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ: 
 
Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր: Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ: 1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը: 1510–30-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515թ.), «Ֆլորա» (մոտ 1515թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515–16 թթ.) և այլն):
1519–26թթ. որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ: 
 
Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530–40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներ («Հիպպոլիտո Մեդիչի», 1532–33թթ., «Վեներա», 1538թ., «Պիետրո Արետինո», 1545թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545–46թթ., և այլն):
 
Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ): Նրան անվանել են Աստվածային Տիցիան: Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում:
 
Մահացել է 1576 թվականի օգոստոսի 27-ին, Վենետիկում: Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: