Հանրագիտարան

Կլոդ Դեբյուսի

Ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտական քննադատ Կլոդ Արշիլ Դեբյուսին ծնվել է 1862թ.-ի օգոստոսի 22-ին Սեն-Ժերմեն-ան-Լեում։ 1867թ. ընտանիքով տեղափոխվել է Փարիզ:
1872-1884թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1884-86թթ. ապրել է Հռոմում, որտեղ «Անառակ որդին» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի: Վերադառնալով Փարիզ՝ Դեբյուսին մտերմացել է սիմվոլիստ բանաստեղծների և իմպրեսիոնիստ նկարիչների հետ: Որպես դաշնակահար և դիրիժոր 1913թ. իր ստեղծագործություններով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում: 
 
Դեբյուսին նաև երաժշտական քննադատ էր: Նա թարմացրել է երաժշտական արտահայտչամիջոցները, հարստացրել երաժշտության (հատկապես՝ նվագախմբային) երանգապնակը: Նրա վրա զգալիորեն ազդել են ֆրանսիական և արևելյան ժողովուրդների արվեստները, Մոդեստ Մուսորգսկու, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի երաժշտությունը: 
 
Դեբյուսիի լավագույն գործերից են «Պելեաս և Մելիզանդա» օպերան, «Խաղեր», «Խաղալիքներով արկղը» բալետները, «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» սիմֆոնիկ պրելյուդը, «Իբերիա» սիմֆոնիկ սյուիտը, դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ, գործիքային անսամբլներ, ավելի քան 50 երգ ու ռոմանս:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: