Հանրագիտարան

Տեղի ունեցավ Օշականի արյունահեղ ճակատամարտը

1827թ.-ի գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները: Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը:
Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը: Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին:
 
Երբ գեներալ Կրասովսկին իր զինվորներին ամռան շոգերից պատսպարվելու համար հանգիստ էր տվել Արագածի լանջերին, Աբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվեց Էջմիածնի վրա: Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորամասի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
 
Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: