Հանրագիտարան

Մերիլին Մոնրո

Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մոնրոն (Նորմա Ջին Բեյքեր) ծնվել է 1926թ. հունիսի 1-ին: Մանկության մեծ մասը Նորման անց է կացրել մանկատներում, ինչը հետագայում մեծ հետք է թողել դերասանուհու հոգեկան վիճակի վրա:

Ամուսնու պատերազմ մեկնելուց հետո 19-ամյա Նորման սկսել է նկարահանվել որպես փին-ափ մոդել տղամարդկանց ամսագրերի համար, որոնք ռազմաճակատ էին ուղարկվում ամերիկացի զինվորներին քաջալերելու համար:

 

Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվում է ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ, և վերջինս որոշում է պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ: Լիոնը կարծում էր, որ Նորմա Ջին անունը չափազանց երկար է և դժվար հիշվող, ուստի աղջկան վերանվանում է Մերիլին Մոնրո:

 

Հաջողության հասնելու ճանապարհը, սակայն, այդքան էլ հեշտ չէր, և մի քանի տարի շարունակ Մոնրոյին միայն փոքրիկ աննշան դերեր էին հանձնում: Ամեն ինչ փոխվում է, երբ 1954թ. Մերիլինը գլխավոր դեր է ստանձնում «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում:

 

Շուտով Մերիլին Մոնրո անունը հայտնի է դառնում ամբողջ Ամերիկայում, այնուհետև և ողջ աշխարհում: 1962թ. օգոստոսի 5-ին ոստիկանները գտնում են դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում: Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է:

 

Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով: Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին: Այնուամենայնիվ, Մոնրոյի մահն այսքան տարի անց էլ գաղտնիք է մնում:

 

Մերիլին Մոնրոն նկարահանվել է 31 ֆիլմերում, այդ թվում`   «Ամեն ինչ Եվայի մասին», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», «Ոմանք դա տաք են սիրում» և այլն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: