Հանրագիտարան

Կայացավ Սուետիայի` Մուսա լեռան նշանավոր ինքնապաշտպանությունը

Թուրքական իշխանությունները 1915թ. հունիսի վերջին պահանջեցին Ալեքսանդրեթի ծովի ափին գտնվող Սուետիայի գավառակի 6 հայկական գյուղերի բնակիչներին մեկ շաբաթվա ընթացքում վաճառել գույքը և բռնել աքսորի ճանապարհը: Շուրջ 5.000 հայեր որոշեցին դիմադրել և հունիսի 12-ին բարձրացան ծովափից վեր խոյացող Մուսա լեռը: Թուրքերը պաշարեցին Մուսա լեռը 7.000 բանակով: Հուլիսի 13-ին թուրքերը գրոհեցին Մուսա լեռը: Այդ մասին նշանավոր ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը գրել է «Մուսա լեռան 40 օրը» վեպում:
Հայերը լեռան գագաթը տանող ճանապարհները փակել էին ժայռաբեկորներով, ինչը դժվարացնում էր թուրքերի գրոհը: Հայերը իրենց տրամադրության տակ ունեին 350 հրացան, 50 ատրճանակ և 200 դաշույն: Թուրքերին հաջողվեց օգոստոսի սկզբին ճեղքել հայերի պաշտպանությունը, սակայն նրանք, համարելով հայերի դիմադրությունը վերջնականապես կոտրված, որոշեցին գիշերել անտառում և միայն հաջորդ օրը գրավել լեռան գագաթին գտնվող հայերի ճամբարը:
 
Դրանից օգտվեցին հայերը, որոնք գիշերը հարձակվեցին քնած թուրքերի վրա ու ստիպեցին վերջիններիս փախուստի դիմել. սպավեց 300 թուրք:
 
Թուրքերը նոր զորքեր կենտրոնացրին Մուսա լեռան մոտ և ավելի սեղմեցին պաշարման օղակը: Փրկությունը հնարավոր էր սպասել միայն ծովից, որի ժայռոտ ափը թուրքական զորքերը անկարող էին վերահսկել: Հայերը լեռան գագաթին գտնվող երկու ամենաբարձր ծառերի կատարներին դրոշներ ամրացրին: Մեկի վրա անգլերեն գրված էր. «Քրիստոնյաները աղետ են ապրում, փրկեցե'ք մեզ», մյուսի վրա`   կարմիր խաչ էր պատկերված:
 
Մուսա լեռան պաշտպանության 53-րդ օրը ափին մոտեցավ ֆրանսիական Քիշեն ռազմանավը, որի անձնակազմին տեղյակ պահվեց իրավիճակի մասին: Մի քանի օր հետո ափին մոտեցան ֆրանսիական երկու տրանսպորտային նավեր և անգլիական ռազմանավերի կրակային պաշտպանության տակ Մուսա լեռան գագաթին ապաստանած հայերը բարձրացան նավերի տախտակամած և մի քանի օր հետո ափ ելան Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգստում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: