Հանրագիտարան

Հովհաննես Աբելյան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը ծնվել է 1865թ. հոկտեմբերի 23-ին Շամախիում: Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում՝ նախ ծխական դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880թ.)։
Բեմական մասնագիտացած գործունեությունն սկսել է 1882թ.-ին Բաքվում`   անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում։ 1886թ.-ին Աբելյանն ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պ. Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-91թթ.-ին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։
 
1895թ.-ին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»-ը։ 1901-05թթ.-ին Գ.Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905թ.-ից նաև ռեժիսոր)։ 1908թ.-ին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912թ.-ին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913թ.-ին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։
 
1917թ.-ին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920թ.-ի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921-25թթ.-ին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1925թ.-ին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ Սունդուկյանի անվան)։ 
 
1926թ.-ից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927-28թթ.-ին աշխատել է Բաքվում`   հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» և այլն)։ Ադամյանի մահից հետո Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելըանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ էլիզբարովի («Պատվի համար», 1905թ.), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911թ.), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912թ.) չգերազանցված մարմնավորողը։
 
Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) և այլն։
 
Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։ Նրա կերտած դերերից են Օսիպը (Գոգոլի «Ռևիզոր», 1898թ.), Ժադովը, ավելի ուշ`   Յուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1892թ., «Անմեղ մեղավորներ», 1898թ., «Անտառ», 1903թ.), Օթար բեկը (Սումբատով-Յուժինի «Դավաճանություն»,1905թ.), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», 1893թ.), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893թ.), Շտոկմանը (Իբսենի «Ժողովրդի թշնամին», 1895թ.), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896թ., «Անսանձի սանձահարումը», 1897թ., «Լիր արքա», 1911թ.): Սովետական դրամատուրգների ստեղծած կերպարներից անձնավորել է՝ Աթա Քիշի Ջաբարլիի («Սևիլ», 1929թ.), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1930թ.) և այլն։
 
Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։ Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ.Գունիայի, Ն.Գաբունիա–Ցագարելու, Կ.Ղիփիանու, Կ.Մեսխու, Վ.Աբաշիձեի, Լ.Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ.Արաբլինսկու, Մ.Ալիևի, Ա.Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ.Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։
 
Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրողական դերասանների խմբով ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմադրել է «Օթելլո»-ն (1904թ.)։ 1913թ.-ին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահը Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932թ.-ին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Կիրովականի դրամատիկական թատրոնը և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանը մահացել է հուլիսի 1-ին Երևանում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: