Հանրագիտարան

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Մարտակերտ քաղաքը

1993թ. առաջին կիսամյակի ռազմական գործողությունների եզրափակիչ փուլի իրագործմանը, այն է`   Մարտակերտի ազատագրման գործողության մշակմանն ու նախապատրաստմանը ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ դեռևս հակառակորդի քելբաջարյան զորախմբի ջախջախման հաջող օպերացիայից հետո:
Այդ նպատակով կարճ ժամանակահատվածում կատարվեց ուժերի և միջոցների վերախմբավորում: Հարձակման նպատակասլացությունն ապահովելու համար պլանավորվեց միաժամանակյա հարվածներ հասցնել մի քանի ուղղություններով:
 
Սրխավենդից մինչև Մատաղիս ձգվող ռազմաճակատի ողջ երկարությամբ կենտրոնացվեցին 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ պաշտպանական շրջաններից ընտրված ուժերն ու կենտրոնական ենթակայության մի շարք ստորաբաժանումներ:
 
Գարնան վերջին և ամռան սկզբին իրականացված նախապատրաստական աշխատանքներից հետո ՊԲ հյուսիսային ուղղության ստորաբաժանումները մարտագծի ողջ երկայնքով անցան լայնածավալ հարձակման:
 
Հունիսի երկրորդ կեսին, հաջողությամբ իրականացնելով իրենց առջև դրված մարտական խնդիրները, ղարաբաղյան ուժերը գրավեցին օպերատիվ-մարտավարական տեսակետից շահավետ մի քանի բարձունքներ: 
 
Գլխավոր հարվածային ուղղություններ էին ընտրվել Բոյահմեդլը, Փափրավենդ, Պուշկեն յալ, Հեռուստաաշտարակ, Մաղավուզ հատվածները: Հաշված օրերի ընթացքում կոտրելով հակառակորդի դիմադրությունը մարտագծի հարավ-արևելյան տեղամասում`   Ասկերանի և Շուշիի պաշտպանական շրջանների ուժերը շոշափելի կորուստներ պատճառեցին նրան Խրամորթ և Փափրավենդ գյուղերի միջնամասում և դուրս եկան Աղդամ-Մարտակերտ մայրուղի: 
 
Նույն ժամակահատվածում Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, Գալաչիլար գյուղի ուղղությամբ զարգացնելով իրենց առաջխաղացումը, նպաստավոր բնագծեր զբաղեցրին Բոյահմեդլու-Փափռավենդ գյուղերի շրջանում և Պուշկեն յալ բարձունքում դիրքավորված հակառակորդին ստիպեցին մտածել նահանջի մասին:
 
Ազատագրական մարտերը հաջողությամբ էին ընթանում նաև Մաղավուզի և հարակից հայկական գյուղերի ուղղությամբ, որտեղ իրենց գործողություններով աչքի էին ընկնում Մարտակերտի պաշտպանական շրջանն ու Հայաստանի կամավորականներից կազմված բրիգադը:
 
Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված այսօրինակ հաջող հաղթարշավը, որը դեռևս մեկնարկել էր 1993թ.-ի փետրվարից, ադրբեջանական զինուժին կանգնեցրեց անելանելի կացության առջև: Դեռ ավելին՝ Ադրբեջանում ծայրաստիճան սրվեց ներքաղաքական վիճակը: Հակաիշխանական խռովության կազմակերպիչն էր ոչ անհայտ Հեյդար Ալիևը, իրականացնողը՝ Գյանջայի 709-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Սուրյաթ Հուսեյնովը:
 
Մարտակերտի ուղղությամբ ղարաբաղյան զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով հունիսի 26-ին հակառակորդը մարտի մեջ մտցրեց ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Սակայն ճակատամարտի ելքն արդեն կանխորոշված էր: Այդ օրը Պաշտպանության բանակի մարտիկները դիպուկ հարվածով կործանեցին ռմբահարվածներ հասցնող ևս մեկ թշնամական ինքնաթիռ:
 
Տևական ու դաժան մարտերից հետո, որն ուղեկցվում էր բանակի հրետանային ստորաբաժանումների դիպուկ հարվածներով, ղարաբաղյան ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ առան  և բարձունքները:
 
Ստեղծված դիրքային առավելությունը հայկական ուժերին հնարավորություն ընձեռեց հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ստորաբաժանումները հասցնել Խրամորթ-Բոյահմեդլու-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծ:
 
Հանրապետության հյուսիսային շրջանում մեր զորքերի ունեցած հաջողությունը շրջադարձային ազդեցություն ունեցավ մարտական գործողությունների հետագա ընթացքի վրա: 1993թ. ամառվա ընթացքում ղարաբաղյան ուժերը ոչ միայն ազատագրեցին Մարտակերտի տարածքի մեծ մասը, այլև ճնշեցին հակառակորդի ռազմական խոշոր հենակետերը Աղդամում և հանրապետության հարավ-արևելյան շփման գոտում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: