Հանրագիտարան

Արտեմի Այվազյան

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրներից է, կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Ծնվել է 1902թ. հունիսի 26-ին:
1923թ. ավարտել է Թիֆլիսի, 1932թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիաները: Երևանում նա կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Սպենդիարյանից: Եղել է նորաբաց կոնսերվատորիայի թավջութակի առաջին ուսուցիչը: 1938-1956թթ. Հայաստանի պետական էստրադային նվագախմբի, 1943-1945թթ.`   Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: 
 
Այվազյանը յուրովի է համադրել էստրադային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու հնչերանգները: Ժողովրդականություն են վայելում նրա «Հայաստան», «Ջան Երևան», «Հայրենիք», «Կարինե», «Գյուլնարա», «Քարավան» երգերը:
 
Այվազյանի «Թափառնիկոս», «Պարոն Մինթոևը Փարիզում» կոմիկական օպերաները բեմադրվել են Երևանի օպերայի և բալետի թատրոնում, իսկ «Ատամնաբույժն արևելյան», «Աշուղ Մուրադ», «Երջանիկ օր», «Սեր աստղերի տակ» օպերետները՝ երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այվազյանը հեղինակ է նաև մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների՝ սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի և այլն: 
 
Գրել է կինոերաժշտություն «Ձյունե թագուհին» (1957թ., «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա, Վենետիկի կինոփառատոնի 1-ին մրցանակ), «Մոր սիրտը» (1957թ.), «Ինչու՞ է աղմկում գետը» (1958թ.), «Պոեմ Հայաստանի մասին» (1960թ., վավերաֆիլմ) և այլ կինոնկարների համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: