Հանրագիտարան

Արկադի Անդրեասյան

Արկադի Անդրեասյանը հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան) է, մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ծնվել է 1947թ. օգոստոսի 11-ին: Անդրեասյանը բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։
Նա 1969-1978թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագուն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1972), 1973թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976թթ. գարնանային առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
 
1972-1975թթ. ԽՍՀՄ գլխավոր հավաքականի անդամ է եղել, մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։ 1969-1972թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։ ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության լավագույն ռմբարկու է եղել (8 գոլ)։
 
Մրցելույթներն ավարտելով`   որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում» (1979-1981), Երևանի «Արարատում» (1982-1983 և 1986-1989թթ. թիմի լավագույն արդյունքը`   5-րդ տեղ), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (1984-1985թթ.) և ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում» (1992-93թթ.)։ Աշխատել է նաև Լիբանանում, այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը» (1996-2003թթ.), «Միկան»։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: