Հանրագիտարան

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը (մականունը`   Երկաթե Տիգրան) ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից: Հաճախել է տեղի շախմատի դպրոցը:
Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցվել է 1945թ. Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի և Ռեշկոյի հետ: 1946թ. Երևանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել:
 
Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր`   գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ. Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը:
 
1948թ. Կովկասյան հանրապետությունների մրցաշարում 2-րդ տեղն է գրավել: 1948թ.-ի Հայաստանի առաջնությունում Հենրիկ Գասպարյանի հետ կիսել է առաջին 2 տեղերը: 1949թ. տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի, մի շարք հաղթանակներ է տարել:
 
1952թ. Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության և միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ: 1958-1979թթ. ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1968-1977թթ. «Սովետսկի սպորտ» թերթի խմբագիրն էր:
 
1963թ. Տիգրան Պետրոսյանը դարձել է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը`   հաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նույն տիտղոսին արժանացել է 1966թ.: «Շախմատային տրամաբանություն» տեսության համար Երևանի պետական համալսարանը 1968թ. նրան թեկնածուի կոչում է շնորհել:
 
Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ 1958-1978թթ. համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել: Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ. ոչ պակաս հայտնի շախմատիստի`   հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ: Տիգրան Պետրոսյանը մահացել է 1984թ. ստամոքսի քաղցկեղից:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: