Հանրագիտարան

Թիֆլիսում իր առաջին տարեշրջանն սկսեց Գայանյան օրիորդաց դպրոցը

Գայանյան օրիորդաց դպրոցներն ստեղծվել են XIX դարի 2-րդ կեսին: Նրանց նպատակն էր հայ աղջիկներին տալ տարրական կրթություն, ապա մանկավարժներ պատրաստել հայկական դպրոցների համար:
Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը հիմնադրվել է 1869թ.-ին Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցուն կից Վրաստանի թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ և մի խումբ համալսարանականների ջանքերով: Դասերն ընթացել են վարձու տան մեջ: Միջոցները գոյացել են աշակերտների ուսման վարձից, եկեղեցու տարեկան նպաստից և նվիրատվություններից:
 
Մինչև 1875թ.-ը երկդասյան էր (երկու նախապատրաստական և չորս հիմնական դասարաններ), ապա դարձել է միջնակարգ ուսումնարան: 1878թ.-ին բացվել է նաև հինգերորդ հիմնական դասարանը: 1879թ.-ին կառուցվել է դպրոցի նոր շենքը: 1884թ.-ին փակվել է, 1886թ.-ին վերաբացվել որպես օրիորդաց երկդասյան հոգևոր դպրոց: 1896թ.-ին կրկին փակվել է և վերաբացվել 1905թ.-ին: 
 
1911-1912 ուստարվանից նորից դարձել է միջնակարգ: Դասավանդվել են կրոնագիտություն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, բնական գիտություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, եկեղեցական երգեցողություն (ազգային երգեր), ձայնագրություն, մանկական խաղեր, պար, ձեռագործ:
 
Ուսուցումը տարվել է մայրենի լեզվով: Ավարտական դասարանների աշակերտները մանկավարժական փորձ են ձեռք բերել`   դասավանդելով ցածր դասարաններում: Դպրոցի գրադարանը հարստացել է նվիրատվություններով, ստացել է դասագրքեր, պարբերական հրատարակություններ:
 
Դպրոցն ավարտողներն ավարտական վկայականի հետ ստացել են նվեր`   Ավետարան: Այստեղ դասավանդել են Ս. Պալասանյանը, Գ. Բարխուդարյանը, Գ. Արծրունին, Ա. Եզեկյանը, Լ. Շանթը և ուրիշներ: Շատ ուսուցիչներ աշխատել են անվճար: 1921թ.-ին դարձել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: