Հանրագիտարան

Օ.Հենրի

Ամերիկացի գրող, արձակագիր Ուիլյամ Սիդնի Փորթերը (Օ.Հենրի) ծնվել է 1862թ. սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ): Երեք տարեկանում զրկվել է մորից, ավելի ուշ անցել հորաքրոջ խնամատարության տակ:
Դպրոցից հետո դեղագործություն է սովորել, աշխատել հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել Տեխաս, որտեղ Օսթին քաղաքի բանկերից մեկում աշխատել է որպես գանձապահ ու հաշվետար: Առաջին գրական փորձերը կատարել է 1880-ական թթ. սկզբներին:
 
Օսթինում 1894թ. Փորթերն սկսել է հրատարակել «Ռոլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը, որն ամբողջությամբ կազմված էր իր ակնարկներից, կատակներից, բանաստեղծություններից և նկարներից: Մի տարի անց շաբաթաթերթը փակվել է, Փորթերին ազատել են աշխատանքից և հայտնաբերված պակասորդի պատճառով ենթարկել դատական պատասխանատվության:
 
Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմել է փախուստի և մոտ կես տարի թաքնվել Հոնդուրասում, այնուհետև Հարավային Ամերիկայում: Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվել է և բանտարկվել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անց է կացրել 3 տարի (1898-1901թթ.):
 
Բանտում Փորթերն աշխատել է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրել՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ.Հենրի գրական անունը: Այդ անվան ներքո իր առաջին պատմվածքը՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը», տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում» ("Mc Clure’s Magazine"):
 
Օ.Հենրիի առաջին վեպը՝ «Արքաներն ու կաղամբը», լույս է տեսել 1904թ.: Դրան հետևել են պատմվածքների ժողովածուները՝ «Չորս միլիոն», «Վառվող լամպը», «Արևմուտքի սիրտը», «Քաղաքի ձայնը», «Ազնվատոհմ գողը», «Ճակատագրի ուղիները», «Ընտրանի», «Հստակ գործեր» և «Կարուսել»: Մահացել է 1910թ. հունիսի 5-ին Նյու Յորքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: